կարևոր
5002 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-30 17:55
Քաղաքական

Հիմա շատ բան է փոխվել, մեկ տարի առաջ եւ հիմա տարբերությունն զգալի է․ Մհեր Մելքոնյան

Հիմա շատ բան է փոխվել, մեկ տարի առաջ եւ հիմա տարբերությունն զգալի է․ Մհեր Մելքոնյան

Hraparak.am-ի զրուցակիցը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն է, ով այս օրերին ընդդեմ իշխանության ակցիաներ իրականացնող, Երևան-Գյումրի ճանապարհը փակող քաղաքացիների կողքին է։

-Պարոն Մելքոնյան, որքա՞ն են շարունակվելու եւ ի՞նչ են տալու այս ակցիաները, միայն ճանապարհ փակելով ցանկալի արդյունքի հասնելո՞ւ եք ։

-Ակցիաները չեն դադարելու, ճանապարհ փակելը շարունակական է լինելու, այլ ձևաչափեր ևս կընտրվեն, ու ես լիահույս եմ, որ հասնելու ենք մինչև ԱԺ ամբիոն եւ այս իշխանությանը վերջ ենք տալու հենց ԱԺ-ում։

- Բայց տեսնում ենք՝ իշխանությունն ինչ ուժ է կիրառում, ոստիկանությունն ինչպես է ճնշում քաղաքացիներին․․․․

-Դա միանշանակ սպասելի էր, ոստիկանությունն իրենց պաշտպանող միակ ուժն է, որ մնացել է, եւ ի սկզբանե էլ ոստիկանների միջոցով փորձել ու փորձում են շարժումը ճնշել, բերման են ենթարկում ակտիվիստներին, բայց չի հաջողելու, քանի որ ամեն մի բերման ենթարկած քաղաքացու փոխարեն ոտքի է ելնելու տասը։ 

-Իշխանության ներկայացուցիչները պարծենում են, թե ճանապարհ փակելը իրենց մեթոդն էր, եւ այսօրվա ընդդիմությունը օգտագործում է հենց իրենց գործիքակազմը։

-Ճանապարհ փակելն իրենց մենաշնորհը չէ, այո, 2018թ-ին իրենք այդկերպ եկան իշխանության,  ու այսօր համարում են, թե  սահմանադրական խախտումներ են տեղի ունենում, հաշվի չառնելով, որ 6 տարի է՝ մեր իրավունքներն ու սահմանադրությունը ոտնահարում են ։ Եթե այս իշխանությունը մնա, այլևս ոչինչ չենք ունենալու։

-Ի՞նչ եք կարծում, քաղաքացիների գիտակցության մեջ ինչ-որ բան փոխվե՞լ է, հասկանո՞ւմ են, թե պայքարն ինչի համար է։

-Հիմա շատ բան է փոխվել, կասեի՝ նույնիսկ մեկ տարի առաջ եւ հիմա տարբերությունն զգալի է։ Մարդիկ հիմա, երբ տեսնում են ճանապարհը փակ է, բացատրում ենք, թե ինչու՝ հայրենիք ենք կորցնում, եւ սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է, լսում են, համբերատար նստում են մեքենան, սպասում են :

-Սպասելի՞ էր, որ եկեղեցին է պայքարի ազդարարը լինելու, հոգևորականներն են նաև առաջնորդելու այս շարժումը:

-1918թ․-ին էլ, երբ եղավ Սարդարապատը, հայ ժողովուրդը շատ ավելի ծանր վիճակում էր, եկեղեցին միշտ էլ նման ծանր իրավիճակներում ժողովրդի կողքին է եղել: Այն ժամանակ էլ սրբազան հայրերը, կանգնելով հայրենիքի նվիրյալների կողքին, փրկեցին երկիրը, իհարկե, սպասելի էր, եւ ոչինչ պատահական չէ․․․

-Պարոն Մելքոնյան, այսօր ԱԺ-ում միջադեպ է գրանցվել Ձեր խմբակցության պատգամավորի օգնականի եւ լրագրողի միջև, ինչպես կմեկնաբանեք:

-Ես հիմա դա որևէ կերպ չեմ մեկնաբանի, բայց կասեմ, որ ինձ համար անընդունելի է, ավելին՝ անբարոյականություն է թիրախավորել սրբազան հայրերին, առավել ևս Բագրատ Սրբազանին, ով այս պահին խաչը վերցրել է ձեռքը ու հայրենիքի համար պայքար է տանում: