Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը, դրա կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված ձեռնարկվող քայլերն, ինչպես նաև առկա հնարավորություններն, այդ համատեքստում՝ առողջապահական համակարգի խնդիրները քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախաձեռնել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Արաբկիր» ԲԿ գիտական ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, «Նորք ինֆեկցիոն կենտրոն»-ի տնօրեն Մհեր Դավիդյանը, առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի տնօրեն Արտավազդ Վանյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հովհաննես Սարկավագյանը, «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանն ու նույն կենտրոնի սրտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Միհիր Սուսանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նախագահ Սարգսյանը նշել է, որ հանդիպման նպատակն է առողջապահության ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների, հայտնի մասնագետների հետ քննարկել երեք հիմնական հարց՝ համավարակի հետ կապված ներկա իրավիճակը և առաջիկա անելիքներն, առողջապահական համակարգի կառավարման (մենեջմենթի) հետ կապված խնդիրները և թե ինչով կարող են Հանրապետության նախագահն ու նախագահական ինստիտուտն աջակցել այդ խնդիրների լուծմանը և համավարակի հաղթահարմանը:
Անդրադառնալով համավարակային վիճակին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ունենք ծանր իրավիճակ: Այդ ծանր իրավիճակն արտահայտվում է և՛ վարակվածների թվով, և՛ այն չհայտնաբերված վարակվածների թվով, որոնք, ըստ պրոֆեսիոնալ կարծիքի, շատ ավելին են, քան մենք կարողանում ենք հայտնաբերել, և՛, իհարկե, ծանր հիվանդների թվով, և՛ ամբողջ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությամբ, և՛, իհարկե, մահերի թվով, որոնք մեզ համար, մեր ազգի համար, շատ ցավագին են:
Ձեզանից յուրաքանչյուրը շատ փորձառու մասնագետ է իր ոլորտում, և հետևաբար, ձեզանից յուրաքանչյուրի կարծիքը կարևոր է և՛ ինձ համար, և՛ մեր հանրության համար, և՛, ընդհանրապես, ճիշտ որոշումներ ընդունելու և առաջ գնալու համար»: