Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախքան օրակարգին անցնելը, նախ խոսեց երեկ ԱԺ-ի կողմից ընդունված կառավարության ծրագրի մասին` ասելով, որ երկրորդ քայլը պետք է լինի միջոցառումների ցանկ հաստատելը: «Եկեք պայմանավորվենք, որ յուրաքանչյուր նախարարություն մեկշաբաթյա ժամկետում կներկայացնի իր միջոցառումների ցանկը, որպեսզի այն հաստատվի կառավարության հաջորդ նիստում»,- ասաց նա:
Վարչապետը խոսեց նաև էլեկտրաէներգիայի սակագնի ուսումնասիրության մասին: Նա էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հարցրեց, թե ինչ ուսումնասիրություններ են արվել:
Նախարարը պատասխանեց, որ շահագրգիռ կողմերի հետ արվել են քննարկումներ ու ուսումնասիրություններ` էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման համատեքստում: Ըստ նախարարի` կան մի շարք խնդիրներ, որոնք չեն կարող հաշվի չառնվել: Խնդիրներից մեկը ատոմակայանի աշխատանքների ձգձգումն է, ընդ որում` այդ երկարաձգումը չունի նախադեպ. ատոմակայանը դեռ այդքան երկար ժամանակով կանգ չէր առել: Երկրորդ խնդիրը կապված է սահմանին գազի գնման դոլարի փոխարժեքի հետ: Փոխարժեքը կարող է տատանվել:
«Այս ռիսկերը հաշվի առնելով` գտնում ենք, որ այս պահին էլեկտրաէներգիայի սակագինը կարող ենք վերանայել անապահով ընտանիքների մասով: Նրանց թիվը 110 հազարից մինչև 120 հազար է: Այդ ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը կարող է նվազել 10 դրամով»,- ասաց նախարարը:
Վարչապետն արձագանքեց ռիսկերի վերաբերյալ նախարարի խոսքին` ասելով, որ կա նաև այլ ռիսկ` այդ ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկը, չարաշահումները, անարդյունավետ կառավարումը և այլն: Նա առաջարկեց նախարարին` շարունակել այդ ոլորտում ուսումնասիրությունները և առաջիկայում կրկին զեկուցել, շարունակել քննարկումները, որպեսզի հնարավոր լինի էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել բոլորի համար: