Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Մշտական դարձած նույն արձանագրումն է. խնամքով փաթեթավորված ականջահաճո նպատակադրման ներքո քաղաքական մեծամասնությունը «սղացնում է» խնդրահարույց հերթական փոփոխությունը:
2020թ. հունվարի 1-ից պրոգրեսիվ եկամտային հարկի դրույքաչափերի համահարթեցումը՝ իրականացված հակասոցիալական փոփոխությունը, փորձում են արդարացնել գույքահարկի այս փոփոխություններով: Հույս ունեն, որ այսպիսով կապահովեն պետության՝ վերաբաշխման գործառույթի արդար և արդյունավետ իրականացումը:
Զուգահեռաբար՝ սոցիալապես անապահով քաղաքացիների ու աշխատող աղքատների հարկային բեռն էապես ավելացնելու հաշվին ակնկալում են համայնքային բյուջեների հարկային մուտքերի ավելացում: Եվ ամենակարևորը՝ որոշակիորեն «կթոթափեն» համայնքային համաչափ զարգացման իրենց պարտավորություններն ու այս ուղղությամբ՝ պետական բյուջեի ծախսերը:
Անցում են կատարում շուկայականին մոտարկված արժեքների հիման վրա անշարժ գույքի համատարած և պրոգրեսիվ հարկման: Բարձրանալու է գույքահարկով հարկման բազան, էապես բարձրանալու են նաև դրույքաչափերը: Շքեղությունը հարկելու անվան տակ վերացվում են գույքահարկի չհարկվող շեմերը և այդպիսով նաև՝ հարկման սոցիալական այս բաղադրիչը:
Հարկվելու են ցածրարժեք բնակարան կամ բնակելի տուն ունեցող սոցիալապես անապահով քաղաքացիները, որոնք ներկայումս ունեն գույքահարկով չհարկվելու արտոնություն:
Կանխատեսվում է հարկային բեռի կտրուկ աճ, ներառյալ՝ սոցիալապես անապահով քաղաքացիների համար: Սպասվող սոցիալական նոր դժգոհությունը մեղմելու համար էլ՝ որդեգրել են խնդրահարույց փոփոխությունները փուլային՝ չորս տարում իրականացնելու «անցնցում» տարբերակը։
Ամփոփելով.
1. Գույքահարկի նախատեսվող փոփոխություններն ինքնին խնդրահարույց են սոցիալական արդարության տեսանկյունից: Դրանք ի զորու չեն՝ վերականգնելու եկամտային հարկի համահարթեցման հետևանքով հարկային համակարգից վերացված սոցիալական հիմնական բաղադրիչը:
2. Այսպիսով անհնար է նաև ապահովել եկամուտների արդարացի վերաբաշխման «շատից՝ շատ, քչից՝ քիչ» հիմնարար սկզբունքը:
3. Ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների իրական եկամուտների առաջնահերթ և առաջանցիկ աճի ապահովումը պահանջում է ուղղակի հարկերի համար չհարկվող օբյեկտիվ շեմերի նախատեսում, եկամտային հարկի իրական պրոգրեսիվ դրույքաչափերի սահմանում և զուգահեռ՝ շքեղությունը հարկելու հասցեական մեխանիզմների ներդրում, այլ ոչ թե՝ մեկը մյուսով փոխարինում:
Մի խոսքով հերթական անգամ ականատես ենք լինում, չկշռադատված և մեր պետությանը և ժողովրդին ոչինչ չտվող վտանգավոր նախաձեռնության»։