Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հարց ուղղեց կառավարությանը: Նա նախ նշեց, որ լրագրողները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ ճեպազրույցում հարցրել են, թե ինչո՞ւ են առաջնագծում ծառայում միայն անապահով խավի երեխաները, և արդյո՞ք դա չի խոսում բանակում կոռուպցիայի մասին: Նախարարը պատասխանել է, որ կան օբյեկտիվ հանգամանքներ, մեր հասարակությունը պետք է վերլուծի ու հասկանա, թե ովքեր են կարողանում գիտական թեզեր պաշտպանել, տարկետում ստանալ զինվորական ծառայությունից. հիմնականում միջին ու բարձր սոցիալական խավի երեխաներն են, որ կարողանում են այդ կրթությունը ստանալ ու հետագայում համալրել սերժանտական կազմը:
Հակոբյանի խոսքով՝ Սեյրան Օհանյանի պատասխանը շիտակ էր ու պարզ: Բայց կա օրենքի բաց, որը թույլ է տալիս, որ միայն անապահով սոցիալական խավի ներկայացուցիչները լինեն առաջնագծում: Պատգամավորը ժամանակին առաջարկել էր, որ տարկետում չտրվի զինծառայության համար, սակայն կառավարությունը մերժել էր` ասելով, որ դա կարող է շահարկման առարկա դառնալ, որ անհրաժեշտ է կոնսենսուս, և որ գիտությունը կարող տուժել դրանից:
Հարցին պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա ասաց, որ կառավարությունը շուտով ներկայացնելու է պատգամավորի առաջարկը՝ լրամշակված ձևով:
«Ինչու եմ ասում՝ լրամշակված տեսքով, որովհետև կան որոշակի մասնագիություններ, հատկապես` բնագիտական առարկաներից, որոնց պոտենցիալը պետք է ուղղվի ռազմական արդյունաբերություն: Մնացածի դեպքում լուծում տրվելու է: Եթե հարկ եք համարում` կաշխատենք ու կունենանք մեկ միասնական համատեղ նախագիծ»,- ասաց նա:
Ռուբեն Հակոբյանն արձագանքեց, որ հարցի լուծումը շատ կարևոր է, որովհետև դա առաջացնում է բարոյահոգեբանական լուրջ խնդիր: