Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի հրավերով գումարվել է ՀՅԴ աշխարհասփյուռ բոլոր կառույցների ներկայացուցիչների խորհրդակցական ժողով: ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի վերջին իրադարձությունները, նաև Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի առիթը նման ժողով գումարելու հնարավորություն ստեղծեցին:
«Ժողովը լսեց զեկույցներ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի, Դաշնակցության Բյուրոյի վարած քաղաքականության մասին, հատկապես` վերջին իրադարձությունների հետ կապված, եղան քննարկումներ: Մասնակիցներն արտահայտեցին իրենց առաջարկներն ու տեսակետները: Եզրակացությունն այն էր, որ, բնականաբար, կուսակցությունը շարունակելու է հայաստանակենտրոն իր քաղաքականությունը, որն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին և, ընդհանրապես, սփյուռքահայությանը: Այս ամենը վերահաստատեց կուսակցության միակամությունն այս հարցում, և շեշտեցին, որ շարժման հաջողության համար կուսակցության վարած քաղաքականությունը եղել է ճիշտ ու ողջունելի»,- մանրամասնեց Մանոյանը:
Նշենք, որ ՀՅԴ-ն կազմակերպել էր նաև բարեգործական ճաշկերույթ, որի հասույթը տրամադրվելու է Ջավախքին: Ճաշկերույթի ժամանակ նաև կատարվել է հանգանակություն. տարբեր երկրներից ժամանած ՀՅԴ-ականները գումարներ հանգանակեցին Ջավախքի խնդիրների լուծման համար:
Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի` Ջավախք կատարած այցին, Մանոյանը նշեց, որ չի հիշում դեպք, երբ վերջին 15 տարում Հայաստանի` քաղաքական ամենաուժեղ լիազորություններ ունեցող անձն այցելի Ջավախք: Նա արձանագրեց, որ նույնիսկ ԱԳ նախարարներ են եղել, որ չեն այցելել Ջավախք: «Մեր իշխանությունների մոտ չի եղել այն դրսևորումը, որ իսկապես կարևորում են Ջավախքը որպես Հայաստան-Վրաստան հարաբերությունների` վերջին 27 տարիների ամենաթույլ, բայց արդեն անհրաժեշստ կենսական, ամենաուժեղ օղակը»,- ասաց նա:
Մանոյանը հույս հայտնեց, որ վարչապետի այս այցելությունը կծառայի այդ նպատակին: «Հիմա Հայաստանի իշխանությունների կողմից նման վերաբերմունքի են արժանանում Ջավախքը, ջավախահայությունը, Ջավախքի հարցերը, բայց նաև Վրաստանի իշխանությունները կտեսնեն, կհասկանան, որ իսկապես անհրաժեշտ է Ջավախքի խնդիրները լուծել, որպեսզի Ջավախքը դառնա հայ-վրացական հարաբերությունների ամենաուժեղ օղակը, որովհետև իսկապես Հայաստան-Վրաստան հարաբերությունները յուրահատուկ են իրենց բնույթով: Պետք է հասկանանք, որ հայ-վրացական հարաբերությունները երկու ժողովուրդների համար էլ ունեն կենսական նշանակություն, և անհրաժեշտ է գուրգուրել ու ավելի սերտացնել այդ հարաբերությունները, որի համար էլ անհրաժեշտ է Ջավախքի խնդիրների կարգավորումը, որպեսզի մենք չունենանք այնպիսի վտանգներ, որ կարող են սպառնալ երկու պետություների հարաբերություններին»,- շեշտեց նա: