Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ժամանումը Հայաստան պաշտոնական այց չէ, այլ ընդամենը տարածաշրջանային կազմակերպության համաժողով է տեղի ունենալու, որի նախագահությունն այս օրերին Հայաստանինն է, եւ նա մասնակցելու է այդ ժողովին. Yerkir.am-ին այսօր ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը' անդրադառնալով հարցին, թե ինչ ակնկալիքներ կան Դավութօղլուի' Հայաստան կատարելիք այցից: Ըստ մեր զրուցակցի` եւ քանի որ սա այցելություն չէ Հայաստան, այդ պատճառով էլ ոչ մի ակնկալիք չկա, եթե խոսքը վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:
Ինչ վերաբերում է Դավութօղլուին Հայաստանում ցույցերով, բողոքի ակցիաներով «դիմավորելուն», ապա Կիրո Մանոյանը համարում է, որ Դավութօղլուին լրիվ անտեսելն էլ, հավանաբար, ճիշտ չէ: «Դրա համար էլ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կազմակերպում է ցույց` հիշեցնելու, որ Թուրքիան տակավին պարտք ունի Հայաստանին եւ հայ ժողովրդին»,- հայտնեց նա:
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ մեսիջ պետք է Թուրքիայի արտգործնախարարին փոխանցի Հայաստանը, Մանոյանը նշեց, որ եթե պետության մասին ենք խոսում, եւ եթե պետությունը մեսիջ ունի փոխանցելու, ապա այս առիթին սպասելու կարիք չունի: «Այս այցը կապ չունի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ, դրա համար էլ Հայաստանի իշխանությունները մեսիջ չունեն փոխանցելու: Կարծում եմ, որ Հայաստանը քայլեր չունի կատարելու, այլ Թուրքիան քայլեր ունի կատարելու, եւ եթե այդ քայլերը չկատարի, փաստորեն, բանակցություններ չեն լինի: Ամեն դեպքում պետք է Դավութօղլուին ինչ-որ բաներ հիշեցնել, բայց ոչ թե անպայմանորեն պետությունը դա պետք է անի, այլ` հասարակությունը»,- ասաց նա: