Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Բանաձևի կարևորության, հետագա քայլերի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ:
«Հաջորդ քայլը լինելու է կենտրոնանալը Սպիտակ տան վրա, որպեսզի նրանք ևս ցեղասպանության փաստը, որպես այդպիսին ներկայացնելու քաղաքականություն որդեգրեն: Այս բանաձևը պատմական է մի քանի առումով: Նախ Սենատն առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին բանաձև է որդեգրում, և երկրորդ՝ այս ձևով Կոնգրեսի երկու պալատներն էլ՝ Սենատը միաձայն, իսկ Ներկայացուցիչների պալատը՝ համարյա միաձայն վերահաստատատեցին ԱՄՆ կողմից Ցեղասպանությունը ճանաչելու իրականությունը: Շեշտում եմ, որ Միացյալ նահանգները չպետք է մեղսակից դառնա Թուրքիայի ժխտողականության քաղաքականությանը»,- նշեց Մանոյանը:
Նրա խոսքով՝ այլևս չենք կարող ասել, թե Միացյալ նահանգները չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը. «Ընդհակառակը՝ ընդունված բանաձևը հենց ճանաչման հիման վրա է, երբ ասում են՝ պե՛տք է պատշաճ ոգեկոչենք, պե՛տք է մեղսակից չդառնանք ժխտողական քաղաքականությանը»:
Մեր այն դիտարկմանը, թե սա արդյոք ԱՄՆ կողմից արդարության վերականգնման փո՞րձ էր, թե՞ թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման արդյունք՝ Մանոյանը պատասխանեց. «Միայն դա չէ, քանի որ Թուրքիայի և ԱՄՆ հարաբերություններն այնքան էլ վատ չեն: Եկեք հիշենք, որ Սպիտակ տունը Ներկայացուցիչների պալատում փորձ էլ չարեց արգելակել բանաձևի ընդունումը, որովհետև այնտեղ մեծամասնությունն այլ կուսակցություն է՝ դեմոկրատները: Սենատում մեծամասնությունը հանրապետականներն են, բայց Սպիտակ տանը չհաջողվեց անընդհատ դեմ կանգնել հարցը լիագումարի օրակարգ բերելուն: Բոլորն էլ հասկանում էին, որ արդյունքը սա է լինելու»:
Մանոյանի խոսքով՝ բանաձևի ընդունումն անակնկալ չի եղել. «Հոկտեմբերի վերջին, երբ Ներկայացուցիչների պալատը, այդքան մեծամասնությամբ որդեգրեց բանաձևը, արդեն Սենատում ներկայացված երկու կուսակցություների սենատորներն էլ ասել էին, որ մինչև վերջ գնալու են»:
Նա ընդգծեց, որ սա Ամերիկայի հայ համայնքի, Հայ դատի հանձնախմբի տասնամյակներ տարված աշխատանքի արդյունքն է: Եվ հենց սրան պետք է վերագրել բանաձևի ընդունման փաստը: Իհարկե, գուցե այս պահին պայմաններն ավելի նպաստավոր էին, բայց միայն դա բավական չէր լինի»: