Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանը դժգոհ է առ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված առաջարկներից` այն երեք հիմնարար սկզբունքներից, որոնց հիման վրա, ըստ միջնորդների, պետք է կարգավորվի հիմնահարցը, իսկ հատկապես ինքնորոշման իրավունքի մասին կետից Ադրբեջանն առավել քան դժգոհ է ու անընդհատ փորձում է փոխել կարգավորման շրջանակը' այն ատյանը, որը պետք է զբաղվի հարցի կարգավորմամբ. լրագրողներին այսօր ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին` բանախոսը նշեց, թե, դատելով դրանցից, հատկապես` Եվրախորհրդի ԽՎ-ում, հետո' Բաքվում գումարված` ԵԱՀԿ-ի ԽՎ-ում ելույթների արդյունքից, ինքը կարծում է, որ դրանք ոչ թե Ադրբեջանի համար ինչ-որ դրական քայլեր կամ կետեր են, այլ, ընդհակառակը, պարտության նոր իրականություն:
«Նախ' ԵԽԽՎ-ում ընդունված երկու կետերը, ես կասեի, իսկապես ձախողում էր նրանց համար, որովհետեւ ինքն արդեն այնպիսի հակաղզդեցություններ էր ցույց տվել, որ նախագահին վայել չէր, իսկ ԵԱՀԿ ԽՎ-ում որդեգրած որոշումները, վստահաբար, ադրբեջանական իշխանություններին դժգոհ են թողնելու, որովհետեւ այնտեղ եւս ՀՀ պատվիրակության առաջարկով որդեգրվեց ինքնորոշման իրավունքի սկզբունքը եւս' մի քանի բանաձեւերում, որտեղ նախապես չկար այդ հաստատումը: Հայաստանի պատվիրակությանը հաջողվեց այդ բանաձեւերում այս կետը ամրագրել, դա ադրբեջանական կողմի ձախողումն էր, քանի որ նախապես նրանք ուզել էին Հելսինկյան եզրափակիչ ակտի երկու կետերը' ազգերի իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի եւ ուժի չկիրառման դրույթները, հանել եւ թողնել միայն տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության իրավունքը»,- պարզաբանեց Կիրո Մանոյանը:
Նա անդրադարձավ նաեւ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցին' նշելով, թե ակնհայտ է, որ ԵՏՄ երեք հիմնադիր անդամներից մեկը' Ռուսաստանը, ուզում է, որ Հայաստանն անդամակցի ԵՏՄ-ին, իսկ մյուս երկուսը' Ղազախստանն ու Բելառուսը, անընդհատ հետաձգում են այդ անդամակցությունը: Որ Ռուսաստանն ուզում է, դա Կիրո Մանոյանի դիտարկմամբ, երեւում է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արտահայտություններից, ըստ որոնց' Ռուսաստանը ցանկանում է հնարավորինս շուտ Հայաստանին տեսնել ԵՏՄ կազմում: Իսկ Բելառուսի ու Ղազախստանի պահվածքը Մանոյանը բացատրում է մի քանի հանգամանքներով Ադրբեջանի «խաթրով» գնալու, Ռուսաստանից ինչ-ինչ զիջումներ պոկելու հանգամանքներից ելնելով եւ ԵՏՄ անդամների միջեւ առկա անհամաձայնություններով:
Ամեն դեպքում, ըստ Մանոյանի, եթե Հայաստանի առջեւ խնդիր դրվի' ԵՏՄ-ին անդամակցել' հրաժարվելով Արցախից, կամ անդամակցության պայմանագրում ամրագրվի որեւէ կետ, որը հետագայում կարող է հիմք հանդիսանալ Հայաստան-Արցախ միասնական տնտեսական տարածքը խախտելու եւ Հայաստանի ու Արցախի միջեւ մաքսակետ դնելու համար, ապա Հայաստանը, միանշանակ, պետք է հրաժարվի ԵՏՄ-ին անդամակցելուց: