կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-20 14:54
Քաղաքական

Պետք է ուշադիր հետեւենք Պուտին-Էրդողան հանդիպմանը. Կիրո Մանոյան

Պետք է ուշադիր հետեւենք Պուտին-Էրդողան հանդիպմանը. Կիրո Մանոյան

Մինչ այցը Հայաստան ՌԴ նախագահը պետք է հանդիպի Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ, ու երեկվա Սարգսյան-Ալիեւ հանդիպման դրական կողմերից մեկն էլ այն է, որ այն տեղի ունեցավ մինչեւ Պուտին-Էրդողան հանդիպումը` Էրդողանի ազդեցության մի քիչ ավելի պակաս լինելու առումով. լրագրողներին այսօր ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

 

Թե այդ հանդիպումն ի՞նչ արդյունքներ կտա, ըստ բանախոսի, դա էլ պետք է մեր ուշադրության կենտրոնում լինի, քանի որ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները, հատկապես` տնտեսական, բավական սերտ են, մեծանում են եւ, ի վերջո, իրենց քաղաքական ազդեցությունը կունենան երկու երկրների հարաբերությունների, բնականաբար` նաեւ տարածաշրջանային զարգացումների վրա:

 

«Մենք պետք է ուշադրություն դարձնենք Պուտին-Էրդողան հանդիպմանը, ինչպես նաեւ նրանց կառավարությունների հանդիպմանը: Պետք է ուշադրությամբ հետեւենք, թե ինչ հարցեր կլուծվեն այդտեղ»,- ասաց Կիրո Մանոյանը:

 

Իսկ Պուտինի երեկվա այն հայտարարության մասին, թե Հայաստանն ու Ղազախստանը պետք է ՀՕՊ միասնական համակարգեր ստեղծեն, նա ասաց, որ դա տարածաշրջանում սրացումներ կբերի: Ովքեր սրացումների առիթ են փնտրում, կարող են դա որպես պատրվակ օգտագործել, այլապես` ոչ մի այլ ազդեցություն չի լինի, դեռ հակառակը` կստիպի տարածաշրջանի պետություններին ավելի զուսպ լինել' պատերազմական գործողությունների դիմելուց առաջ:

 

«Ու հնարավոր է, որ Պուտինի այդ հայտարարությունը' Հայաստան գալուց առաջ, մեսիջ է ոչ միայն Հայաստանին, այլեւ Արեւմուտքին` ընդհանրապես, որպեսզի նա տարածաշրջանային իր ծրագրերում ուշադիր լինի»,- ասաց Կիրո Մանոյանը:

 

Որ ռուս-թուրքական հարաբերությունների սերտացումը կարող է մեզ համար ինչ-ինչ վտանգներ պարունակել, դա այդպես է: Որովհետեւ, ըստ Մանոյանի, տնտեսական հարաբերությունների սերտացումը կարող է դրականորեն անդրադառնալ երկու երկրների քաղաքական հարաբերությունների սերտացման վրա, ինչն էլ, իր հերթին, կարող է անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա: Հայաստանն էլ այդ հարաբերությունների վրա ազդելու որեւէ հնարավորություն չունի:

 

Կիրո Մանոյանը անդրադարձավ նաեւ այն իրողությանը, որ Էրդողանն իր խոսքում նշել էր «Քուրդիստան» բառը. նա նկատի է ունեցել Իրաքի Քրդստանը, այլ ոչ թե Թուրքիայի' փորձելով գոհացնել նաեւ Թուրքիայի քրդերին: Ըստ նրա`  Քրդստան ասելով` Էրդողանը նկատի չի ունեցել Թուրքիայի որեւէ տարածք, ուստի տարածաշրջանային զարգացումներում այդ արտահայտությունը չի կարող լուրջ փոփոխություններ նախանշել: