կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-23 13:06
Հասարակություն

Արդեն պետք է բարձրացնենք մեր իրավունքների և հատուցման հարցը. Կիրո Մանոյան

Արդեն պետք է բարձրացնենք  մեր իրավունքների և հատուցման  հարցը. Կիրո Մանոյան

Այսօր մեծ հավանականություն կա, որ իսրայելյան Կնեսետում կքննարկվի Ցեղասպանության հարցը,  սակայն, հաշվի առնելով, որ Թուրքիան և Իսրայելը սկսել են բարելավել հարաբերությունները, հարցը կտեղափոխվի այնպիսի հանձնաժողով, որտեղ քննարկումը փակ կլինի:  Այս մասին լրագողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

 

Ըստ նրա` Ցեղասպանության ճանաչման փուլը կարելի է համարել անցած: «Մենք արդեն պետք է բարձրացնենք  մեր իրավունքների և հատուցման  հարցը»,- ասաց նա և հավելեց, որ շուտով կհրապարակվի իրենց մասնագիտական ուսումնասիրությունը, որը կներառի նաև մեր տարածքային իրավունքների խնդիրը:

 

Մանոյանը չբացառեց, որ Ցեղասպանության  100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանագրություններից մեկը. «Հնարավոր է վավերացնի այն արձանագրությունը, որը կոնկրետ ժամկետներ չի առաջարկում և ի վնաս Հայաստանի կարող է օգտագործվել»:

 

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության  100-ամյա տարելիցին պատրաստվելու համար ստեղծված պետական հանձնաժողովին` նա նշեց, որ  հանձնաժողովի առաքելությունն է գոնե մինչև 2015 թվականը պատրաստել բոլոր իրավական փաստաթղթերը:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, թե 2011-ից ի վեր հանձնաժողովն ընդամենը 2 նիստ է գումարել, կարո՞ղ է արդյունավետ գործունեություն ծավալել,  Մանոյանը, ով այդ հանձնաժողովի անդամ է, պատասխանեց. «Կարելի էր ավելի հաճախ նիստեր գումարել, ակնկալում ենք որ 3-րդ նիստի ժամանակ (մայիսի 30-ին) գլխավոր ռազմավարությունը կլինի  իրավական թղթածրարի ստեղծումը»:

 

Yerkir.am-ի հարցին` Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի այն հայտարարությունը, թե 2015 թվականը ընդամենը Ցեղասպանության տարելից է, նոր հիասթափությո՞ւն չի առաջացնի ժողովրդի շրջանում, չէ՞ որ մարդիկ ակնկալիքներ ունեն, Մանոյանը պատասխանեց. «Պարզ է, որ 2015-ն ինչ-որ բանի վերջ չէ, ընդհակառակը` այն  պետք է լինի սկիզբ` իրավունքների ձեռքբերման համար:  Պետական հանձնաժողովից ակնկալիքը մեծ է, ամեն ինչ անելու  ենք, որ ժողովրդի շրջանում նոր հիասթափության ալիք չլինի»: