կարևոր
5419 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-25 18:02
Քաղաքական

Ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի, այլև՝ ՀՀ իշխանության հակաազգային քաղաքականությունը պետք է հաղթահարենք․ Կիրո Մանոյան

«Ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի վարքն ու խոչընդոտները պետք է հաղթահարենք, այլև՝ հայրենի պետության, իշխանության հակազգային քաղաքականությունը»,- Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունների վարած այս հակապետական քաղաքականությունը հատկապես խնդրահարույց է, երբ օտարներն են մատնացույց անում․ «Խնդրահարույց է այն, երբ օտար շրջանակները, մատնացույց անելով ՀՀ գործող իշխանությունների այդ կեցվածքները, հիմնավորում են իրենց կրավորական կամ նույնիսկ բացասական կեցվածքը։ Սա հնարավորություն է տալիս ասելու՝ եթե ձերոնք այսպես են անում, մենք իրենցից ավելի հայ չենք լինելու»։ Կիրո Մանոյանը նաև ահազանգեց․ «Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների հետևանքով հայաթափվել է Արցախը, Բաքվում պատանդ են պահվում հայ ռազմական, քաղաքական անձինք և Արցախի Հանրապետության նախկին ու գործող ղեկավարներ։ Իսկ այստեղ՝ ՀՀ-ում Արցախի Հանրապետության վտարանդի իշխանությունները բացահայտ սպառնալիքի ու հալածանքի են ենթարկվում»։

Նշենք, որ Արցախի հայաթափումով և Հայաստանի Հանրապետության շուրջ օրըստօրե լարվող անվտանգային միջավայրի ու գոյութենական սպառնալիքների պայմաններում ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի աշխատանքների հիմնական ուղղությունների քննարկման և համադրման, ինչպես նաև ըստ անհրաժեշտության մարտավարական որոշակի վերանայումներ անելու համար՝ ՀՅԴ Բյուրոն հրավիրել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով։ Խորհրդաժողովի օրակարգում Հայաստանի Հանրապետության և առհասարակ հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին հիմնական մարտահրավերների քննարկումն է, դրանց հաղթահարման գործում Հայ դատի համակարգի ներուժի նպատակային օգտագործումը։

Խորհրդաժողովին մասնակցում են  ավելի քան քսան երկրներից ժամանած՝ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ, ինչպես նաև ՀՅԴ կուսակցական մարմինների ներկայացուցիչներ։

Մանրամասն՝ տեսանյութում։