Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից լրագրողները խորհրդարանում հետաքրքվեցին ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանի արած հայտարարությունների մասին: Մասնավորապես` Վանեցյանը ԶԼՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ սկանդալային բացահայտումներ են սպասվում, ասել էր, թե դեմ է, որ չարաշահումներ իրականացրած մարդիկ հայտնվեն ճաղերի ետևում, և որ ավելի լավ է` գումարները վերադարձնեն:
Ջավադյանը նշեց, որ քննություն է իրականացվում ու դրա մասին պատկան մարմինները` ԱԱԾ-ն, դատախազությունը, քննչական կոմիտեն և այլն, կհայտարարեն: «Մենք այդ հարցերով չենք զբաղվում: Ինչ վերաբերում է մեր կողմից տրվող ինֆորմացիոն փոխանակմանը, ապա մենք ունենք որոշակի ինֆորմացիայի զանգված, որը փոխանակվում է, բայց հայտարարություններն ավելի շատ վերաբերում են տեռորիզմի ֆինանսավորմանը, փողերի լվացման ոլորտին: Որևէ ինֆորմացիայի այդ մասով մենք չենք տիրապետում»,- ասաց նա:
Հարցին` տրամաբանակա՞ն է, որ երկրից 10 մլրդ դոլարի չափ գումար է դուրս եկել, Ջավադյանը պատասխանեց. «Իհարկե` ոչ, այս երկրում չկա 10 մլրդ դոլար, որ դուրս էլ գա: Դուք հավատո՞ւմ եք, որ Հայաստանում կա մի բիզնեսմեն, որ ունի այդքան գումար, ունի միլիարդներ»:
Դիտարկմանը` ոչ թե մեկ, այլ մի քանի բիզնեսմեններ, նա պատասխանեց. «Ես նման ինֆորմացիա չունեմ»:
Հարցին էլ` իշխանափոխությունից հետո արդյո՞ք նկատվում է կապիտալի արտահոսք, Ջավադյանն արձագանքեց, որ կանխիկ փողերի արտահոսքը ՀՀ-ից նախևառաջ օրենքով է արգելված: «Օրենքով կա կանխիկ արտահոսքի արգելք: Մենք ունենք սահմանափակում, իսկ ոչ կանխիկ ձևով արտահոսքը մեր կողմից քիչ, թե շատ վերահսկվում է, մենք դա տեսնում ենք»,- ասաց նա:
Հարցին` այս պահին հեղափոխությունը որևէ դրական ազդեցություն գործե՞լ է բանկային համակարգի վրա, Ջավադյանը պատասխանեց. «Իհարկե, գործել է ձեր կյանքի վրա, որ դուք տենց հարցեր եք տալիս, բայց ես ասեմ` բանկային համակարգն է նաև դրական ազդեցություն ունեցել այդ գործընթացի վրա, ֆինանսական կայունություն է եղել: Մենք ունեցել ենք ֆինանսական կայուն վիճակ»: