կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-03 20:00
Հասարակություն

Միլիարդները՝ օդում․ ինչպե՞ս իշխանությունը փոշիացրեց քաղավիացիան եւ միլիարդներ տվեց դրսի օդանավերին․ ՄԱՍ 3

Yerkir.am-ը շարունակում է բացահայտել գործող իշխանության կասկածելի գործերն ու գործարքները՝ այս անգամ եւս խոսելով քաղավիացիայում տեղի ունեցող մութ պատմությունների մասին։ 

Վերջին 3 տարում Հայաստանի քաղավիացիան, կարճ ասած, կնքեց մահկանացուն։ Կոմիտեի ջանքով Հայաստանը հայտնվեց Եվրամիության սեւ ցուցակում, ամիսներ առաջ էլ Երեւան եկող օդանավը փոխեց ճանապարհն ու հայտնվեց հարեւան Իրանում։ Ո՞ւմ մեղքն է ավիացիայում անտերությունը, պարզ է, բայց ինչո՞ւ երկրի իշխանությունը, մտածված, բոլոր ջանքերն ուղղեց դեպի ոլորտը վերջնականապես ոչնչացնելուն, հարցերի հարցն է։ 

Yerkir.am-ի թղթակիցը զրուցել է ավիացիոն փորձագետ, օդաչու, Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ, ով բացել է ոլորտում տիրող խայտառակ իրավիճակի փակագծերը։

«Ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը շեշտը դրել արտասահմանյան ավիաընկերությունների վրա։ 2019 թվականի հուլիսի 25-ին հայտնի դարձավ, որ հայկական զբոսաշրջային ընկերություններից մեկը իր ուղեւորներին թողել է Եգիպտոսում։ Հայաստանի կառավարությունը անմիջապես խորհրդակցություն հայտարարեց, Փաշինյանը արձակուրդում էր, նրա հետ էլեկտրոնային նամակներով էի կապի մեջ, եւ որոշվեց 33-35 դոլար արժողությամբ թռիչքի համար վճարել 50 տոկոս ավելի՝ 49 հազար դոլար։ Այսինքն, պետական պահուստային ֆոնդից դուրս գրվեց 47 միլիոն դրամ՝ 2 թռիչքի համար։ Դա մոտ 98 հազար դոլար էր»,-խոսելով հայկական քաղավիացիան փոշիացնելու եւ պետության փողերը մսխելու կառավարության ջանքի մասին՝ Yerkir.am-ին ասաց վարչապետի նախկին խորհրդական, օդաչու Հակոբ Ճաղարյանը։

Ճաղարյանի խոսքով՝ փոխվարչապետ Ավինյանը այս գործարքը մեկնաբանել է՝ ասելով՝ «մենք դա արեցինք մեր քաղաքացիներին շուտափույթ հետ բերելու համար»։ Օդաչուն նկատում է՝ Ավինյանն ընդամենը հերթական հայտարարությունն է արել, որը չի համապատասխանում իրականությանը։

«Իրականությունն այն է, որ 33-35 հազար դոլար շուկայական արժեք ունեցող միջազգային մակարդակի թռիչքի համար վճարվել է 49 հազար դոլար, վճարվել է միջնորդի միջոցով այն դեպքում, երբ հայկական ավիաընկերությունները պատրաստ էին այդ թռիչքը կատարել։ Բայց մեր ավիաընկերությունները  կատարեցին պատերազմի ընթացքում իրենց բոլոր թռիչքները անվճար․ ե՛ւ իրենց օդանավերն են անվճար հանձնել Հայաստանի կառավարությանը, ե՛ւ օդաչուներն են անվճար թռել։ Եգիպտոսի պարագայում նույնպես հայկական ավիաընկերությունները պատրաստ էին թռչել առանց օդանավի վարձի։ Այսինքն, թռիչքը կկատարվեր 50 տոկոս ավելի էժան»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ավիացիայի փորձագետը։

Հակոբ Ճաղարյանը նկատում է՝ երբ նշանակվել է վարչապետի խորհրդական, սկզբում կարծել է՝ քաղավիացիայում վայրիվերումների պատճառը մասնագետների անփորձ լինելն է, այնինչ հետո պարզել է՝ ամեն ինչ լավ մտածված է, ու մտածված էլ իշխանությունը մեր ավիացիան տանում է կործանման։ Ճաղարյանը Եգիպտոս մեկնած-ժամանած օդանավերի բարձր վճարների, նաեւ Փաշինյանի՝ Ամերիկա այցի համար հսկայական թվերով օդանավ վարձակալելու մասին հայց է ներկայացրել գլխավոր դատախազություն։

«Դատախազությունը գործը ո՛չ սկսել է, ո՛չ փակել է։ Այսինքն չկա որոշում՝ գործի հետագայի մասին։ Գտնում են, որ դատարան դիմելու խնդիր այստեղ առկա չէ։ Կա փաստ, երբ «Տարոն-Ավիան» Եգիպտոս թռիչքը կատարել է 12 հազար դոլարով, դա արդեն իսկ փաստ է եւ հիմք՝ դատական հայցը ընդունելու։ Փաշինյանի՝ ԱՄՆ թռիչքի համար վճարվել է 166 միլիոն դրամ։ Դա 450 հազար դոլար է։ Ինչո՞ւ այդքան, երբ ես 3 տարբեր ընկերության թռիչքների առաջարկ եմ ներկայացրել, ստացել 3 տարբեր պատասխան՝ 209 հազար եվրոյից մինչեւ 270 հազար՝ 3-շարժիչանի օդանավ։ Փաշինյանի թռիչքը եղել է GlobalG5000 օդանավով, որի արժեքը 240 հազար դոլար է։ Ո՞ւր է 100 հազար դոլարը։ Ես դա էլ եմ նշել հայցի մեջ»,-փաստերը ներկայացրեց Հակոբ Ճաղարյանը։

Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունը եկել է ոլորտը քայքայելու, եւ հասել են իրենց նպատակին։ Ճաղարյանը նկատում է՝ քաղավիացիան իրավունք չուներ մտնելու եւ ստուգելու հայկական ավիաընկերությունների տնտեսական գործունեությունը, բայց մտել, խախտումներ են հայտնաբերել, ինչի պատճառով մեր օդանավերը զրկվել են Եվրոպա կամ Եվրոպայի օդային տարածքով այլ երկրներ թռչելու հնարավորությունից։

Մանրամասն՝ տեսանյութում