Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս հայտնի է դարձել, որ Բեռնարդ Մեդոֆի ֆինանսական բուրգից սնանկացած ներդրողներին կփոխհատուցվի նրանց գումարների մի զգալի մասը: 7,2 մլրդ դոլար փոխհատուցումը կկատարի Մեդոֆի հաջողակ գործընկերներից մեկի` Ջեֆրի Պիկաուերի այրին: Ի դեպ` սա կդառնա ԱՄՆ-ի պատմության մեջ խոշորագույն փոխհատուցումներից մեկը: Այսպիսով` Մեդոֆի ֆինանսական բուրգից տուժածների շահերը պաշտպանող իրավաբան Իրվինգ Պիկարդի ներկայացրած հայցերի արդյունքում հետ վերադարձված ընդհանուր գումարը կկազմի շուրջ 9,8 մլրդ դոլար: Նշենք, որ 2009թ. մայիսին Պիկարդը Պիկաուերին հայց է ներկայացրել` Մեդոֆի հեջ ֆոնդում ներդրած 619 մլն դոլար գումարի եւ արդյունքում ստացված 7,8 մլրդ դոլարի տարբերությունը հետ վերադարձնելու պահանջով: «Ես լիովին վստահ եմ, որ իմ ամուսինը` Ջեֆրին, Մեդոֆի մեքենայություններին չի մասնակցել: Մեդոֆի բուրգը արժանի է «ցավակցանքի»,- ասել է Պիկաուերի այրին` Բարբարա Պիկաուերը: Մինչդեռ Պիկարդը վստահ է, որ Պիկաուերը տեղյակ է եղել Մեդոֆի մեքենայություններին:
Նշենք, որ Պիկաուերը մահացել է 2009թ. հոկտեմբերին 67 տարեկան հասակում: Ըստ Bloomberg-ի` նա մահվանից 10 օր առաջ կտակ է գրել, որով իր կարողության 200 մլն դոլարը կտակել է կնոջը, 25 մլն դոլարը` դստերը, 15 մլն դոլարը` այլ անձանց, իսկ մնացած գումարը, ըստ նրա կտակի, օգտագործվելու է բարեգործական նպատակներով: Ի դեպ` Պիկաուերը եւ Մեդոֆը ծանոթացել են դեռ 1970-ականներին, եւ Պիկաուերը Մեդոֆի բիզնեսում ունեցել է շուրջ 20 հաշվեհամար:
Հիշեցնենք, որ Մեդոֆն ԱՄՆ-ի խոշորագույն ֆինանսական բուրգի` Bernard L. Madoff Investment Securities-ի (BLMIS) հիմնադիրն է: Նա 2009թ. հուլիսին դատապարտվել է 150 տարվա ազատազրկման: Մեդոֆի հիմնադրամի` ֆինանսական բուրգ լինելու հանգամանքը պարզվել է այն ժամանակ, երբ 2008թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի թեժ շրջանում ներդրողները բանկերից պահանջել են փոխհատուցել 7 մլրդ դոլար, որը գոյություն չուներ: