Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր ԱԺ-ում, ի պատասխան Yerkir.am-ի հարցման, հայտարարել էր, որ իրավունք չունի չհավատալ Կիպրոսի դատախազի ասածներին, քանի որ վերջինս ավելի լավ գիտի իրենց երկրի օրենսդրությունը: Հիշեցնենք, որ Կիպրոսի դատախազը «Ազատություն» ռադիոկայանին հստակ հայտարարել էր, որ հնարավոր չէ Կիպրոսում օֆշորային ընկերություն գրանցել` առանց գրանցող անձի իմացության կամ լիազոր ներկայացուցչի:
ԱԺ-ում Yerkir.am-ը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից փորձեց պարզել` նա «իրավունք ունի՞, թե՞ չունի` հավատալու կամ չհավատալու» Կիպրոսի դատախազի ասածներին: Հրայր Թովմասյանն, ի տարբերություն Գագիկ Հարությունյանի, իհարկե, հստակ պատասխան չտվեց:
«Ես չգիտեմ, ես ոչ Կիպրոսի իրավունքի մասնագետ եմ, ոչ էլ: Հարցրեք Կիպրոսի դատախազին: Դուք` լրագրողներդ, միշտ փորձում եք այնպիսի հարցեր տալ, որոնց վերաբերյալ իմ պատասխանները կարող են գործընթացների վրա ազդել, դուք այդ պատասխանը չեք ստանա: ՀՀ արդարադատության նախարարը չի պատասխանելու այդ հարցերին, որոնք գտնվում են նախաքննության փուլում, դատախազության կամ ոստիկանության տիրույթում, որքան էլ լրագրողական հմտություններ օգտագործեք: Եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի իմ պատասխանները կարող են ազդել գործընթացների վրա»,- հայտարարեց Հրայր Թովմասյանը:
Yerkir.am-ի դիտարկմանը, որ ընդամենը ցանկանում ենք իմանալ` հավատում է Կիպրոսի դատախազի ասածների ճշմարտացիությանը, թե` ոչ, Թովմասյանը չպատասխանեց: Նա հորդորեց հավատ ունենալ, որ երկրում արդարադատություն լինի: «Պետք է հավատ ունենաք, որ մեր երկրում հնարավոր է արդարադատություն լինի, այն օդը, որ շնչում եք, դրանում արդարադատության մասնաբաժինը շատ ավելի մեծ կարող է լինել, որ մենք կարող ենք լինել շատ ավելի կազմակերպված»,- նշեց նա:
Հարցին, թե իրատեսական համարո՞ւմ է վարչապետին պատասխանատվության ենթարկելը, եթե հաստատվի, որ օֆշորային այդ սկանդալի հետ կապ ունի, Թովմասյանն ասաց, որ եթե-ներով չի ուզում առաջնորդվել: