Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զարմանալի է, որ քանդվում են այն շենքերը, որոնք պիտանի են: «Արամի 23 հասցեում գտնվող` Տիգրան Հեքեքյանենց տան հետևում մեր տունն է, մեր բակը: Այսքան տարիներ խնդրում եմ, որ գան, քանդեն, քանի որ, իրոք, շատ խարխլված է, բայց չեն քանդում»,- լրագրողների հետ զրույցում ասաց քանդակագործ Լևոն Թոքմաջյանը:
Ըստ նրա` Խորենացի 13-ի շինությունը պատմական կոթող է, և բնիկ երևանցիների համար ցավալի է տեսնել, որ ամեն ինչ քանդվում է: «Ուրախացանք, ոգևորվեցինք, ասացինք` նոր ժամանակներ են, հեղափոխություն է, սերնդափոխություն է, և Մեսչյանն էլ հայտարարեց, որ այլևս ոչ մի շենք չի քանդվելու: Ես լսեցի, սակայն նորից ականատես ենք մի վշտալի պատմության»,- վրդովված ասաց քանդակագործը:
Թոքմաջյանը մեջբերեց նաև օրերս թերթերից մեկում տպագրված` Հրաչյա Պողոսյանի հետ հարցազրույցից մի հատված` ընդգծելով. «Այդ հարցը միշտ էլ եղել է`2004 թվականից: Մենք առաջարկել ենք, որ ֆասադը մնա, քանի որ շատ գեղեցիկ է, համարակալվի ու առաջ բերվի: Այն համարյա թամանյանական ոճի ինչ-որ դրսևորում է: Տարիներ անցան, ֆասադը մնաց, վերևի հատվածը քանդվեց: Ո՞ւմ ձեռքով, ո՞ւմ որոշումով: Ես հիմա նայում եմ` ինչ են ուզում քանդել ու ինչ են ուզում դնել` սև ապակիներով մի էլիտար այլանդակություն: Վերջիվերջո, ինչքա՞ն կարելի է Երևանում սև ապակիներով շենքեր դնել… Սա ծրագի՞ր է, թե՞ ինչ»,-նշեց նա:
Ըստ քանդակագործի`շինության քանդման պատճառը պատմական հուշարձանների ցուցակում չլինելն է, սակայն նա համոզված է ու համակարծիք Պողոսյանի պնդմանը, որ դա ոչինչ չի նշանակում: «Կարող է չլինեն, քանի որ ժամանակին մտածել էին, որ այն լավ շենքերը, որոնք պիտի իրացվեին, կարող էին ցուցակում չլինել: Ցուցակի մեջ չեն եղել «Ռոսիա» կինոթատրոնը, «Զվարթնոց»-ը, Երիտասարդության պալատը և այլն: Հնարավոր է, վերջիվերջո, Օպերան էլ հայտնվի ցուցակից դուրս»,- ասաց Թոքմաջյանը:
Խոսելով այն մասին, որ սա եղել է քաղաքապետարանի որոշումը, նա կտրուկ արձագանքեց. «Լավ, ընդունենք`մեր քաղաքապետը չի հասկանում ո’չ քաղաքաշինությունից, ո’չ շինարարությունից, բա Մեսչյա՞նն ինչ է մտածում: Ընդունենք`ցուցակում չկա, բայց իրենց ցուցակո՞ւմ էլ չկա, բարոյականությո՞ւն էլ չկա... Այսպիսի գեղեցիկ շենքերը քանդելը...»:
Հիշեցնենք, որ Խորենացի փողոցում «Շիրակ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող` ԿԳՆ նախկին շենքի առաջնամասը քանդվում է սեփականատիրոջ կողմից`շենքի կիսաքանդ ճակատային հատվածը ապամոնտաժելու և տեղում ստորգետնյա հարկերով բիզնես կենտրոն կառուցելու նպատակով: Այն դեռ 2017 թվականին ձեռք էր բերել «Արմսվիս Փրոփերտիս» ՓԲԸ-ն: Ներկա պահին ապամոնտաժման աշխատանքներն իրականացվում են համաձայն նախագծի և 08.02.2019թ.-ին տրամադրված քանդման թույլտվության հիման վրա: