կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-30 13:56
Առանց Կատեգորիա

Հեղափոխությունից հետո

Հեղափոխությունից հետո

Երեկ՝ հանրահավաքի ժամանակ, մի տղամարդ արևածաղիկ էր վաճառում ու գնորդներին նաև տոպրակներ տալիս՝ կեղևն այդտեղ նետելու համար: Եղան մարդիկ, որ որքան եռանդով չրթում էին այն, այնքան խնամքով էլ կեղևը տոպրակի մեջ էին նետում, բայց կային մարդիկ էլ, որ ինքնավստահորեն տոպրակը կեղևի հետ գետնին նետեցին:

Ես գիտեմ` հեղափոխությունից հետո միանգամից ամեն ինչ չի փոխվելու:

Վստահ եմ` մայիսի 2-ից հետո ոչ օդից տուն եմ ունենալու, ոչ կրկնակի աշխատավարձ եմ ստանալու, ոչ էլ բանկում ավանդներ եմ ներդնելու:

Գիտակցում եմ` հարևանս էլի երբեմն-երբեմն երեխային «տոչնի հիմար հերդ ես» է ասելու, ձեռքի աղբը հարևանի բակում է թափելու ու բողոքելու «էս անտեր կյանքից»:

Կարծում եմ` հարազատներիս խնդիրներն էլ միանգամից չեն լուծվելու. ամուսնալուծվածները չեն միանալու, միայնակները մայիսի 3-ին չեն ամուսնանալու, վարձով ապրողները տուն չեն գնելու, տուն ունեցողները երկրորդ հարկ չեն կառուցելու...

Առհասարակ, բոլորիս կյանքում փոփոխություններ միանգամից չեն լինելու` մայիսի 3-ին նույն աշխատանքին ենք գնալու /բացառություններ կլինեն, իհարկե/, նույն մարդկանց հետ շփվելու, նույն յարին սիրելու, նույն չսիրած մարդկանց քթի տակ բարևելու:

Որքան էլ տարօրինակ թվա` էլի անձրևներ են գալու, փոշի ենք շնչելու, իսկ ամռանը շոգից լեզուներս դուրս ենք գցելու:

Հեղափոխությունից հետո հաջողությունը միանգամից չի գալիս, մանավանդ՝ եթե ոչինչ չանելով, սպասում ես դրան: Հեղափոխությունից հետո, առհասարակ, շատ բանի չենք հասնի, եթե միայն նստենք ու սպասենք:

Ամենակարևոր քայլն արված է, բայց մեզ սպասվելիքն էլ պակաս կարևոր չէ` պետք է մեզ փոխենք, ծայրահեղ չլինենք, չքննադատենք` շահից ելնելով, ու հարգենք դիմացինի կարծիքը, քայլ անենք՝ մեզնից կախվածը գոնե փոխելու: Եվ սա դեռ մինիմալ անելիքներն են:

Փոփոխությունից հետո աղբը գետնին թափելով՝ կարող ենք բողոքել Երևանի կեղտոտ լինելուց, բժշկի գրպանը գումար դնելով՝ կաշառակերության մասին կարող ենք կոկորդ պատռել, ծանոթ դատավոր գտնելով ու մաղարիչով գործը կարճելուց հետո օրերից մի օր անարդարության մասին գրառում կկատարենք ֆեյսբուքում, և այսպես շարունակ:

Մյուս կողմից` միայն մենք չէ, որ անելիք ունենք. շարժումը մարդկանց հնարավորություն տվեց ինքնուրույն գործելու, մեր բաժին ազատությունն ու իրավունքն իրացնելու, իսկ հիմա այս սկզբունքը պետք է մտնի բոլոր ոլորտներ՝ կրթությունից մինչև տնտեսություն, մշակույթից` առողջապահություն:

Չեմ էլ կասկածում` կան մարդիկ, որ սպասում են ինչ-որ բան սխալ գնա, որ չարախնդան, թե՝  տեսա՞ք, իսկ եթե սխալներ չլինեն էլ, մեկ է, նրանք բողոքելու առիթ և ականջ կգտնեն: Բողոքողներ միշտ էլ լինելու են, մնում է՝ բողոքը քննադատության վերածվի՝ մատնանշելով խնդիրներն ու անելիքները:

Հեղափոխությունից հետո, կարծում եմ, մարդիկ ու իրերը պետք է կոչվեն իրենց անուններով:

Կարինե Հարությունյան