Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խորհրդարանում ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Դաշնակցությունն առաջին իսկ օրվանից ողջունել է այս համաձայնագիրը: Երբ դեռ համաձայնագիրը կնքված չէր, բայց երևում էր, որ միջազգային քաղաքականության մեջ տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, մենք այդ պահից ակնկալում էինք, որ, ի վերջո, դա պետք է արդյունք տա: Այդ լուրջ փոփոխությունները պայմանավորված էին միջազգային լուրջ աշխարհաքաղաքական գործընթացներով: Այս համաձայնագիրը աննախադեպ էր հենց դրանով, այն հասունացած, նախապատրաստված և բոլոր աշխարհաքաղաքական հանգամանքները հաշվի առած համաձայնագիր է»,- ասաց նա:
Ռուստամյանի խոսքով` հեշտ չէր «կամ, կամ»-ի քաղաքականությունից անցնել «և, և»-ի քաղաքականությանը: «Հայաստանը չէր «կամ, կամ»-ի քաղաքականությամբ առաջնորդվում, դա անում էին եվրոպական գործընկերները: Ժամանակը ցույց տվեց, որ դա ճիշտ մոտեցում չէր: Հարցը դրվում էր այսպես` եթե դու ինձ հետ չես, ուրեմն ինձ դեմ ես: Այս իրավիճակն է փոխվել ամբողջ գործընթացի մեջ: Հիմա էլ որոշ նոստալգիկ ձայներ լսվում են տարբեր կողմերից, այդ թվում` ՌԴ-ից: Այսինքն` այդ ցավով են տառապում, որովհետև նրանք ուզեցել են միշտ այդպես տեսնել` եթե դու ինձ հետ չես, ուրեմն ինձ դեմ ես»,- ասաց նա:
Պատգամավորն ընդգծեց, որ մենք ցույց ենք տվել` աշխարհը փոխվել է, և այդ բանաձևով առաջնորդվել չի կարելի:
«Շատ լավ էր, որ մեր եվրոպական գործընկերներն իրենց այդ գործելաոճից հրաժարվեցին: Այն եվրոպական արժեհամակարգը, որը մենք էլ ենք կիսում, չի ենթադրում` եթե ինձ հետ չես, ուրեմն ինձ դեմ ես: Հենց այդ պատճառով է, որ մենք այդ արժեհամակարգը յուրացրել ենք և գտնում ենք, որ սա մեզ համար ճիշտ պետականաշինության ճանապարհն է, քանի որ չկան ավելի լավ բանաձևումներ մարդու իրավունքների, ժողովրդավարության հետ կապված և իրավական պետության կայացման առումով, որոնք ձեռք են բերվել Եվրոպայում»,- ասաց Ռուստամյանը:
Նրա կարծիքով`եվրոպական երկրները տեսան` անկախ նրանից, որ Հայաստանի դեմ դրել են «կամ, կամ»-ի քաղաքականությունը, այդուամենայնիվ, Հայաստանը հարազատ մնաց այդ արժեհամակարգին: «Մենք ընդունեցինք Սահմանադրություն` ամբողջապես եվրոպական պառլամենտարիզմի ոգով, սա չէր կարող աննկատ մնալ: Մեր սկսած գործընթացից չհրաժարվեցինք, երբ տեղի ունեցան «կամ, կամ»-ի աշխարհաքաղաքական տարանջատումները»,- ասաց պատգամավորը և ընդգծեց, որ հիմա մենք ավելի հասունացած ենք գնում այդ համաձայնություններին:
«Ես տեսել եմ` ինչպես ենք եվրաինտեգրումն անցել, այն ժամանակ մեզ դիտում էին որպես աշակերտներ, պարտավորություններ էին զանազան դնում, կանչում, մատ էին թափ տալիս, հիմա հավասարը հավասարի, գործընկերային հարաբերություններ են ձևավորվում, որը մեր ձեռքբերումն է»,- ասաց նա:
Ռուստամյանը նշեց, որ այս համաձայնագիրը ցույց է տալիս, որ Հայաստանը, լինելով բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, կարողանում է ինքնուրույն քաղաքականություն վարել, սուվերեն իր իրավունքներն իրականացնել: «Սրանից է, որ ցնցումների մեջ են հայտնվել մեր հարևանները, և, բնականաբար, մենք այս դաշտը պետք է ամրապնդենք: Սա, մեր խորին համոզմամբ, ապահովելու է արմատական բարեփոխումների մեծ գործընթացը, որը Հայաստանը սկսել է: Հենց այսպիսի մի վերահսկողություն և փոխադարձ աջակցություն մեզ օդ ու ջրի պես պետք էր»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Արցախի հիմնահարցին, ապա պատգամավորն ասաց, որ պետք է նկատի ունենալ, որ այս համաձայնագիրը ոչ թե պետք է հետո սկսի աշխատել, այլ ժամանակավոր կիրառման ընթացակարգեր կան, որոնք ավարտված են, և որ ԵՄ-ն այդ մասին հայտարարել է:
«Հունիսի 1-ից արդեն ժամանակավոր գործողության ընթացակարգեր կան, որ աշխատելու են, իսկ այստեղ սևով սպիտակի վրա գրված է, որ դրանք վերաբերում են առաջին հերթին Եվրամիության պարտավորություններին: Այստեղ է, որ մենք չպիտի թույլ տանք, որ երկակի ստանդարտներ կիրառվեն: Ինչքան նրանք պետք է վերահսկեն մեզ մեր պետակաշինության գործընթացներում, այդքան էլ մենք պետք է վերահսկենք, որ երկակի ստանդարտներ չկիրառվեն, և Ղարաբաղի հարցում այն բանաձևումները, որ որդեգրվել են, դառնան միս ու արյուն և կիրառվեն բոլորի նկատմամբ անվերապահորեն»,- նշեց Ռուստամյանը: