Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցը թրաֆիկինգի վերաբերյալ կրում է պարբերական բնույթ, եւ այս տարի նույնպես ԱՄՆ իշխանությունները Հայաստանին թրաֆիկինգի դեմ պայքարում եւ այդ երեւույթի կանխարգելման գործում ներդրած աշխատանքների համար դասել է երկրորդ վարկանշային խմբում:
Հետաքրքիրն այն է, որ առաջին անգամ ԱՄՆ-ը իր կազմած զեկույցում գնահատել է նաեւ իրեն եւ դասել առաջին վարկանիշային խմբում:
Հայաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Հայաստանում մարդկանց շահագործման թրաֆիկինգի հարցերով խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանի խոսքերովՙ ԱՄՆ զեկույցը կարելի է ընդունել առաջին հերթին որպես տեղեկատվություն Հայաստանի մասին:
«Մեր ակնկալիքներն արդարացան, եւ Հայաստանը պահպանեց իր վարկանիշը երկրորդ խմբում»,- ասաց Կաժոյանը` հավելելով, որ զեկույցում նշվել են մի շարք թերացումներ եւ նկատառումներ. «Բացի այդ, ցեկույցում թրաֆիկինգը եւ հարկադիր աշխատանքը չեն տարբերակվել»:
Զեկույցով ԱՄՆ-ը Հայաստանին կոչ է անում առավել ակտիվ ջանքեր գործադրել հատկապես աշխատանքային թրաֆիկինգի զոհերին հայտնաբերելու ուղղությամբ, եւ նշում է, որ հարկավոր է լուրջ ջանքեր գործադրել թրաֆիկինգի այս տեսակին վերաբերող դեպքերը հետաքննելու եւ բացահայտելու ուղղությամբ:
Այդ առնչությամբ Վ. Կաժոյանը նշեց. «Մտահոգություն կառաջանա միայն այն դեպքում, եթե դեպքերը եղել են, ու բավարար քանակությամբ ոստիկանական հետաքննություն չի արտացոլվել, բայց երբ դեպքերը քիչ են եղել եւ ուշադրության արժանացել են համապատասխան մարմինների կողմից, միայն ողջունելի է»:
ԱԳՆ պաշտոնյան հայտնեց, որ ներկա պահին 2011թ. վիճակագրական տվյալներ դեռեւս չունեն, իսկ ահա 2010 թվականին սեռական թրաֆիկինգի մեղադրանքով դատարան է մտել 4 գործ` ընդդեմ 6 անձի, իսկ աշխատանքային թրաֆիկինգի հետ կապված դեպքեր չեն գրանցվել:
Կառավարությունը պետական բյուջեից յուրաքանչյուր տարի 6 մլն 200 հազար դրամ է հատկացնում թրաֆիկինգի զոհերի վերականգնման համար, ինչն իրականացնում են թրաֆիկինգի կանխարգելման աշխատանքներ կատարող ՀԿ-ները:
Իսկ թե ինչու է այս տարի զեկույցում Հայաստանի համար թրաֆիկինիգի վերջնակետ երկրների ցանկում ավելացել Գերմանիան, Կաժոյանը բացատրում է այն հանգամանքով, որ պետդեպարտամենտի զեկույցում նշվում են նաեւ մամուլում տեղ գտած պատմությունները:
Սակայն ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս վերջնակետ երկրների ցանկը փոփոխություններ չի կրել` Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Թուրքիա. թրաֆիկինգով զբաղվող հանցավոր խմբերի կողմից այդ երկրները հիմնականում օգտագործվում են կանանց սեռական շահագործման նպատակով:
Հատկանշական է, որ մեր հարեւան Վրաստանը այս զեկույցում գտնվում է 1-ին վարկանիշային խմբում, Ադրբեջանը` 2-րդ վարկանիշային հատուկ խմբում, Թուրքիան` 2-րդ, իսկ ահա Իրանը` 3-րդ խմբում:
«Երկիր»-ի ունեցած տեղեկությունների համաձայն, ԱՄՆ պետդեպարտամենտը Վրաստանին արդեն երկրորդ տարին է, որ 1-ին վարկանիշային խմբում տեղավորելով, քաղաքական բարի ժեստ է անում: Սակայն աչք է փակում այնտեղ տեղ գտած անօրինությունների դեմ։ Օրինակ, անցյալ տարի Թուրքիայից Հայաստան արտաքսված թրաֆիկինգի զոհ հղի կնոջը վրացական օրինապահները 4 ամիս բանտարկել էինՙ խախտելով Վարստանի կողմից ստորագրված բոլոր միջազգային համաձայնագրերը: Իսկ ահա Իրանի մասին ոչ մի տեղեկատվություն չունենալովՙ ԱՄՆ իշխանությունները այդ երկիրը դասել են 3-րդ խմբում:
Խոսելով վարկանիշերի մասին` Վ. Կաժոյանը նկատեց, որ զեկույցում 1, 2, 3 խմբերում հայտնվելը երբեմն քաղաքական բնույթ է կրում։ Չնայած դրանՙ ջանքեր են գործադրվում, որպեսզի Հայաստանն ի վերջո հայտնվի 1-ին խմբում:
Գալուստ ՆԱՆՅԱՆ