կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-21 14:53
Տնտեսական

14 կոմերցիոն օդաչու, 176 բնակարան եւ նոր ստանդարտներ...

14 կոմերցիոն օդաչու, 176 բնակարան եւ նոր ստանդարտներ...

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն այս տարի ունի 4 գերակա ուղղություններ ու խնդիրներ, որոնցից առաջինը «Զվարթնոց» օդանավակայանին հարող շենքերի ու հանրակացարանների քանդման եւ բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու խնդիրն է: Այս մասին լրագրողներին այսօր հայտնեց քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:

 

Ըստ նրա` օդանավակայանի հետագա զարգացման ծրագրերի կապակցությամբ նախատեսված է եղել օդանավակայանին հարող երկու բարձրահարկ շենքերն ու հանրակացարանային տարածքները քանդել: Բայց այս ծրագիրը նաեւ սոցիալական բնույթ ունի, քանի որ, բացի ավիացիայի բնագավառի հետագա զարգացումն ապահովելուց, նաեւ լուծվում է 176 ընտանիքների բնակարանային ապահովվածության խնդիրը:

 

«Այսինքն' 74 ընտանիք ապրում է հանրակացարանային պայմաններում, 102-ն էլ` բարձրահարկ շենքերում, ու ՀԱԹ տարածքում  կառուցվում են բազմաբնակարան շենքեր, որոնց շինարարությունը կավարտվի այս տարի: Բանակցությունների ընթացքում բնակիչները կողմ են եղել այդ տեղափոխմանը, քանի որ առաջարկվող բնակպայմանները շատ ավելի լավն են, քան նրանք ունեն: Այսինքն' առնվազն 20-25 տոկոսով ավելի բնակտարածքներ են ստանում: Բացի այդ` կենցաղային իրեր ու պարագաներ են տեղադրված լինելու, օրինակ' խոհանոցային պարագաներ, սանհանգույց եւ այլն»,- ասաց Արտյոմ Մովսիսյանը:

 

Այս ծրագրով նախատեսվում է 4 միլիոն դոլարի ներդրում, եւ այս ամռանն արդեն կավարտվի բնակիչների տեղափոխությունը:

 

ՔԱԳՎ հաջորդ գերակա խնդիրը կոմերցիոն օդաչուների պատրաստումն է, որը սկսվել է դեռեւս 2009-2010 թվականներին: Թվով 14 օդաչուների մասին է խոսքը, որոնց պատրաստումն այս տարի կավարտվի, եւ նրանց կտրամադրվեն օդաչուների վկայականներ' կոմերցիոն գործունեությամբ զբաղվելու համար:

 

Մյուս խնդիրը քաղավիացիայի բնագավառում ունեցած երկու ընկերությունների' «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ի եւ «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոնի որակի հետ կապված աուդիտների անցկացումն ու դրանց սերտիֆիկացումն է:

 

«Դրանք շատ բարձր պահանջներ են, որ ընկերություններն ունենալու պարագայում մեծանում է տվյալ երկրի նավիգացիոն գործառույթների ու մետեոսպասարկման հետ կապված` տվյալ երկրի հուսալիությունը»,-  նշեց ՔԱԳՎ պետը:

 

Եվ վերջին գերակա խնդիրը, ինչպես տեղեկացրեց նա, եվրոպական ուղղությամբ թռիչքային շահագործման ստանդարտների համապատասխանեցումն է եվրոպական ստանդարտներին: Այս առումով էլ 2013 թվականին ընկերությունների, օդաչուների, տեխնիկների համապատասխանեցում է կատարվել, իսկ այս տարի արդեն կլինի թռիչքային շահագործման ստանդարտների համապատասխանեցում: