Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Այսօր ազատամարտիկ, Պռոշյանի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի մահվան 5-րդ տարելիցն է: Պռոշյան համայնքի Զորաց պանթեոնում էին հավաքվել նրա ընտանիքի անդամները, ընկերները, կուսակցական ընկերները և պարզապես գյուղացիներ: Հավաքվել էին` խոստանալու, որ դավադիր սպանությունից որքան էլ ժամանակ անցնի, իրենք չեն մոռանալու և հետամուտ են լինելու, որպեսզի այն բացահայտվի, և բոլոր մեղավորները պատժվեն:
Պռոշյանի ՀՅԴ «Դրո Կանայան» կոմիտեության անունից, որի անդամ է եղել Հրաչ Մուրադյանը, խոսեց կոմիտեի նախագահ Գևորգ Հաճյանը: Նա ընդգծեց, որ չեն սահմանափակվելու այս երկու օրերի ընթացքում տեղի ունենալիք` Հրաչ Մուրադյանի հիշատակին նվիրված ժողովրդային հավաքներով, այլ առաջիկա ամիսների ընթացքում գյուղապետի մահվան 5-րդ տարելիցի կապակցությամբ պետք է տեղի ունենան արդար բացահայտման կոչերով պահանջատիրական երթեր ՀՀ որոշ վայրերում:
«Այսօր ծանր է և ճնշիչ այս ամբիոնից խոսելը, որովհետև հարցադրումներն անորոշ են ու անպատասխան: Հավաքված ենք` խնկելու և մեր հավատամքն ու երդումը վերանորոգելու ընկերոջ սուրբ շիրիմի առջև և բարձրաձայն աղաղակելու, որ երբեք չենք ներելու, երբեք չենք մոռանալու և չենք ընդունելու այն դատը, որը յուրաքանչյուրիս պատասխանատվության սահմանների մեջ մեզ կանչում է դեպի արդար և ճշմարիտ բացահայտում: Անցած տարիների ընթացքում ՀՅԴ «Դրո Կանայան» կոմիտեությունը հետևողական է եղել ընկեր Հրաչ Մուրադյանի կտակի առջև, սակայն դեռևս վերջնական նպատակին չենք հասել: Զանազան ձևերով մեր համաժողովրդական պոռթկումն ու ընդվզումն ենք արտահայտել դատապարտելի այդ արարքի նկատմամբ` պահանջելով հայրենի իշխանություններից` անհապաղ բացահայտել ազգային ամոթ համարվող այս քստմնելի հանցագործությունը, որը մեզնից առհավետ խլեց Հրաչ Մուրադյանին:
Անցնող տարիներին եղել են զանազան հավաքական ձեռնարկներ` մոմավառություն, բաց նամակ այրիի կողմից Սերժ Սարգսյանին, ժողովրդային նամակ` հանձնված Բաղրամյան 26` նախագահի նստավայր, հոծ բազմությամբ Աշտարակի խճուղու ժամանակավոր փակում, սակայն բոլորը մնացին անպատասխան: Մենք պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ ՀՀ իշխանությունն ու իրավապահները միտումնավոր կերպով հանցագործության այս բացահայտումն առաջնորդել են դեպի փակուղի: Այսօր ՀՅԴ «Դրո Կանայան» կոմիտեությունը Պռոշյանի Զորաց պանթեոն սրբավայրից կոչ է հղում և պահանջում իշխանության համապատասխան վարչական կառույցներից` անհապաղ բացահայտել և պատժել ազգային դավաճանին»,- հայտարարեց Հաճյանը:
Պռոշյանի «Դրո Կանայան» կոմիտեի անդամ, բժիշկ Տարոն Տոնոյանն էլ նշեց, որ ապրիլի 2-ը ծանր օր է: «Այնպես է դասավորվել, որ մեր կյանքի ընթացքում մենք բազմաթիվ ընկերներ ենք կորցրել, բայց Հրաչ Մուրադյանի կորուստը դա միայն մեր կորուստը չէ, դրա մեջ ապագայի կորստի վախ կա, որովհետև ձեռք է բարձրացվել մարդու վրա, մի տեսակի վրա, որը երկիր պահող է: Խաղաղ պայմաններում արդար ապրող մարդու վրա է ձեռք բարձրացվել, ձեռք է բարձրացվել մի տեսակի վրա, որն անարդարությունը չէր հանդուրժում, որը խիզախ էր: Պատերազմի ժամանակ հերոսանալն ավելի հեշտ է` պատերազմի պայմաններն են այդպես թելադրում, այն մարդիկ են ավելի հերոս, ովքեր խաղաղ ժամանակ են կարողանում հերոսանալ: Հրաչի ընտրած ճանապարհը նույն պատերազմի շարունակությունն էր, արդարության ճանապարհը»,- ասաց նա:
ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանն էլ նկատեց, որ Հրաչ Մորադյանն իր մեջ մարմնավորում էր հայի պամտության մի փոքրիկ օրինակ: «Ծնված լինելով սփյուռքում, ապրեց Հայաստանում, զորագրվեց հայոց ազատագրման պայքարին, մինչև պատերազմի վերջը մասնակցեց ազատամարտին, իսկ այնուհետև անցավ խաղաղ աշխատանքի: Նա տիպիկ Հայաստան կառուցող մարդու կերպար էր, և այդ ձեռքը, որ բարձացավ Հրաչի վրա դա անձի վրա չէր, դա մեր պետականության վրա էր»,- ասաց նա:
Նա նկատեց, որ այսօր Հրաչ Մուրադյանի սպանության գործը դեռևս բացահայտված չէ և նախաքննության փուլում է: «ՀՅԴ ԳՄ-ն հետևողական կլինի` շարունակելու պահանջել իշխանություններից` բացահայտել այս գործը ԱԺ պատգամավորական իր ֆրակցիայի միջոցով, նաև` հարցադրումներ անելով և ավելի մանրամասներ պահանջելով: Մի օր բացահայտվելու է, և մենք պետք է պայքարենք դրա համար»,- հայտարարեց նա: