Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը կլրանա Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեկ տարին: Այդ կապակցությամբ հիշատակի արարողություն կլինի Մուրադյանի հայրենի գյուղում, այսօր երեկոյան էլ նախատեսված է բողոքի երթ` դեպի Պռոշյան համայնք: Անկասկած, երթի առիթը չէր լինի, եթե հանցագործությունը բացահայտվեր, իսկ մեղավորներն էլ կանգնեին դատարանի առջև: Գոնե այդ պարագայում Հրաչի հարազատներին հուսադրելու առիթ կլիներ, իսկ հիմա…
Ի՞նչ է արել մինչ օրս դատախազությունն ու ոստիկանությունը հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: Մինչ այս հարցերի պատասխանը ստանալը` ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացնենք դեպքն ու դրան հաջորդած իրադարձությունները:
2013-ի ապրիլի 2-ն էր, երբ առավոտյան տեղեկություն ստացվեց, որ Պռոշյանի համայնքապետարանի դիմաց հայտնաբերվել է գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ Մուրադյանը մահացել է աջ քունքի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Նույն օրը ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (սպանություն, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Դեպքից երկու օր անց` ապրիլի 4-ին, սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվեցին նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները: Հաջորդ օրը Արայիկ Պետրոսյանը կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արտակ Պետրոսյանը երկու օր անց ազատ արձակվեց, սակայն ապրիլի 15-ին կրկին ձերբակալվեց` այս անգամ խուլիգանություն կատարելու կասկածանքով: Նրա նկատմամբ ապրիլի 18-ին մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից»: Այս գործով Արտակը դատապարտվեց երկուսուկես տարվա ազատազրկման, սակայն համաներման ակտով ազատ արձակվեց: Իսկ ինչ վերաբերում է Արայիկին, նա շուրջ 10 ամիս գտնվեց կալանքի տակ:
Այդ ընթացքում Արայիկի հարազատները, ինչպես նաև պաշտպանները տասնյակ բողոքի ակցիաներ կազմակերպեցին, դիմումներ ուղարկեցին ոստիկանապետին և դատախազին` հայտնելով, որ նա որևէ առնչություն չունի հանցագործության հետ և ապօրինի է պահվում անազատության մեջ, սակայն` ապարդյուն: Միայն ամիսներ առաջ` դեկտեմբերի 25-ին, Արայիկին առաջադրված խափանման միջոց կալանավորումը փոխվեց չհեռանալու մասին ստորագրության:
Նշենք, որ ներկայումս գյուղապետի սպանության գործի նախաքննությունը կատարվում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում: Հենց այդտեղից էլ փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ մինչ օրս չի դադարեցվում Արայիկ Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը: Մեր հարցին ի պատասխան` ոստիկանությունից այսօր հայտնեցին, որ նախաքննության ներկա փուլում Արայիկ Պետրոսյանը հանդիսանում է մեղադրյալ, իսկ Հրաչ Մուրադյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 104 հոդվածի` սպանության հատկանիշներով մեղադրվողին ազատության մեջ պահելը ոչ այնքան տրամաբանական է, մանավանդ, որ մեր երկրում նման հանցագործությունների մեջ մեղադրվողները հիմնականում գտնվում են կալանքի տակ: Եթե ոստիկանությունը մի փոքր հիմքեր ունենար ենթադրելու, որ Մուրադյանի սպանությունը կատարել է հենց Արայիկը, ապա ո’չ հարազատների և ո’չ էլ պաշտպանների բողոքների ճնշման տակ չէր վճռի նրան ազատ արձակել, մանավանդ` մեր երկրում քիչ չեն այն դեպքերը, երբ առանց որևէ հիմնավոր ապացույցի ինչ-որ մեկին ամիսներ շարունակ պահում են կալանքի տակ, հետո գործն ուղարկում դատարան և նույն սկզբունքով դատապարտում:
Իսկ Արայիկ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվում մի պարզ պատճառով` դեռևս մեկ տարի առաջ հանցագործությունն «օպերատիվորեն բացահայտած» ոստիկանությունը իր իսկ կողմից բեմադրած շոուն կոծկելու համար գոնե մի «թել» պետք է թողներ, որպեսզի տար շատերին հուզող այն հարցի պատասխանը, թե ի՞նչ է արել մինչ օրս:
Իսկ ի՞նչ է արել կամ ի՞նչ է անում գործի քննությունն իր ուշադրության կենտրոնում պահող դատախազությունը: «Ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ` հանցագործության ամբողջական բացահայտման և հանցագործություն կատարած բոլոր անձանց շրջանակը պարզելու համար»,- մեր հարցին ի պատասխան` այսպես ասացին դատախազությունից: Ամբողջակա՞ն բացահայտման, բոլո՞ր անձանց շրջանակը պարզելու համար: Այսինքն` մեր իշխանություններն` ի դեմս ոստիկանության և դատախազության, շուրջ մեկ տարի ակնհայտ ապարդյուն գործելուց հետո խուսափում են անգամ խոստովանել, որ չեն բացահայտել հանցագործությունը: Իսկ հանրությունը մինչ օրս, բացի սպանության վերաբերյալ` բամբասանքի հարթության վրա պտտվող խոսակցություններից, ոչինչ չի լսել:
Նման պարագայում մնում է միայն ենթադրել, որ օրը ցերեկով իր հայրենիքին նվիրված հայ մարդու`ազատամարտիկի սպանությունն անպատիժ թողնելը միտումնավոր է արվում կամ գուցե դեռ նոր քավության նոխազ չեն գտել: