կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-31 14:55
Հասարակություն

Հրաչ Մուրադյանը սխալվեց միայն մեկ հարցում. Հրաչ Մուրադյանի կնոջ բաց նամակը՝ Սերժ Սարգսյանին

Հրաչ Մուրադյանը սխալվեց միայն մեկ հարցում. Հրաչ Մուրադյանի կնոջ բաց նամակը՝ Սերժ Սարգսյանին

Ներկայացնում ենք Հրաչ Մուրադյանի կնոջ՝ Լարիսա Աղաբեկյանի բաց նամակը նախագահ Սերժ Սարգսյանին:

 

Մեծարգո պարոն նախագահ,

 

Երկու տարի առաջ դավադրաբար սպանվեց իմ ամուսինը՝ Հրաչ Մուրադյանը: Այս սուգը մեր ընտանիքինն է ու մենք այն ոչ մեկի վզին չենք ուզում փաթաթել:

 

Ես, մեր զավակներն ու մեր մեծ, համերաշխ գերդաստանը փորձում ենք ապրել առանց Հրաչի, որովհետև նա մեզ ամբողջ կյանքում սովորեցրեց այդպես ապրել: Նա անձնական, ընտանեկան, նյութական կարիքների համար ժամանակ չուներ: Այո՛, սուգը մերն է, իսկ կորուստը միայն մերը չէ, քանի որ նա միայն մերը չի եղել: Հրաչը պատերազմից հետո էլ զբաղված էր կյանքով մեկ հայրենի երկրին ծառայելով ու դեռ երկար պիտի ծառայեր Հայաստանի կայացման եւ զարգացման գործին:

 

Ազատամարտի ընթացքում իր զոհված հերոս ընկերների կիսատ թողած գործը շարունակող Հրաչ Մուրադյանը հետպատերազմական ճգնաժամ ապրող մեր երկրում ազնիվ տեսակի մարմնացում էր, ով իր ղեկավարած փոքրիկ օղակում կարողացավ ապացուցել, որ հանցավոր գործելակերպի դեմ պատերազմը նույնպես անկոտրում կամք է պահանջում, որտեղ զենքը սրտացավությունն է, աննկուն կամքը, ազնվությունն ու անկաշառությունը: Պարոն նախագահ, Հրաչ Մուրադյանը սխալվեց միայն մեկ հարցում. նա չփնտրեց ներքին թշնամուն: Մինչդեռ իր ինքնուրույն ու հստակ կեցվածքով չընդունվեց համակարգի կողմից, ու զոհ գնաց հանցավոր մեքենային, քանի որ անկոտրում էր ու անդավաճան իր էությանը: Դա կանխամտածված ու ծրագրված սպանություն էր, որի մասին են վկայում սպանությանը նախորդած հանցագործությունները՝ հարձակումները, մահափորձը: Այն ժամանակ չբացահայտվեցին այդ հանցագործությունները և անպատժելիությունն ի վերջո հանգեցրեց Հրաչի սպանությանը: Այսօր էլ, երկու տարի անց չի բացահայտվում սպանության գործը:

 

Պարոն նախագահ, սա մարտահրավեր է ոչ միայն մեր ընտանիքի տոկունությանը, մեր ազգային անվտանգությանը, Հրաչի ընկերների, նրա գործին հավատացողների, պռոշյանցիների ու ամբողջ հասարակության ՀՀ արդարադատության հանդեպ վստահությանը, սա մարտահրավեր է նաև Ձեզ: Ի վերջո ե՞րբ պետք է ստանանք հարցի պատասխանը, թե մեր երկրում հերոսին, պետական մտածելակերպ ունեցող ղեկավարին ո՞վ և ինչո՞ւ է սպանում և ե՞րբ է բացահայտվելու սպանությունը, վերականգնվելու արդարադատությունը և ե՞րբ պետք է վերանա այս անվսահության և անպատժելության մթնոլորտը:

 

Հրաչ Մուրադյանի այրի՝ Լարիսա Աղաբեկյան