կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-16 13:30
Հասարակություն

ՀՀ-ն ծերացող երկիր դառնալու միտում ունի. առաջիկա տարիներին կենսաթոշակառուների թիվը կավելանա

ՀՀ-ն ծերացող երկիր դառնալու միտում ունի. առաջիկա տարիներին կենսաթոշակառուների թիվը կավելանա

Մարտի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կազմում է 446 249, իսկ նպաստառուների թիվը՝ 62 915. լրագրողներին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը:

Ըստ նրա՝ առաջիկա 78 տարիների ընթացքում կենսաթոշակառուների թիվն աճելու միտում ունի, այս մասին են վկայում ժողովրդագրական տվյալները: «Միջինը 2500 հոգով այս թիվն առաջիկա 7 տարիներին աճելու միտում ունի: Տարբեր գնահատականներով՝ մենք գնում ենք դեպի «ծերացող երկիր» կարգավիճակին»,- ասաց Սահակյանը:

Նրա խոսքով՝ իրենց մոնիթորինգի վարչության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2017-ի օգոստոսից մինչ 2018-ի մարտ ամիսը 26 գործատուների մոտ կենսաթոշակի 690 գործերով հայտնաբերվել են ոչ իրավաչափ փաստաթղթերի հիման վրա հաշվարկված աշխատանքային ստաժներ, որոնց ընդհանուր գումարը կազմել է շուրջ 54 մլն: «Խոսքը վերաբերում է ոչ իրավաչափ ստաժներին, չհիմնավորված փաստաթղթերի հիման վրա գրված ստաժներով կենսաթոշակ նշանակելու դեպքերին: Սա մեզ համար առաջնահերթություն է և պետք է պայքարենք ու հասնենք նրան, որ այն քաղաքացիները, ովքեր ազնվորեն աշխատել են, ստանան իրենց կենսաթոշակի չափով գումարը, իսկ նրանք, ովքեր չեն աշխատել, որևէ կեղծիքի միջոցով ավելի գումար չստանան: Գործատուները հիմնականում օգտվել են 90-ականներին ստեղծված վիճակից և իրենց ձեռքի տակ եղած կնիքներով ինչ-ինչ քայլերի դիմել»,- ասաց Սահակյանը:

Նրա խոսքով՝ 90-ականներին մեծ գործարանների մի մասը հարկադիր պարապուրդի է մատնվել, մյուս հատվածն էլ՝ մասնավորեցման գործընթացի մեջ եղել, իսկ հրամանագրքերում եղել են անուններ, որոնց աշխատավարձի չափերը բացակայել են աշխատավարձի ցուցակներում: «Մի մասի փաստաթղթերը պահպանված չեն, մյուս մասը գործարանի փակվելուց հետո փաստաթղթերը հանձնել է արխիվացման, դրանք Ազգային արխիվում են: Մեզ դիմող քաղաքացիների համար արխիվ հարցում անելով՝ առանց որևէ գումարի, կարողանում ենք տեղեկատվություն ստանալ: Այս պահին 54.000 գործ կա, որոնք պետք է բացենք, ստաժները նայենք»,- հայտնեց Սահակյանը:

Նա հիշեցրեց, որ 1992-ին ԱՊՀ երկրները սոցիալական ոլորտին վերաբերող համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ ԱՊՀ անդամ երկրների և այդ համաձայնագրին միացած երկրների կենսաթոշակառուները կարող են իրենց թոշակը ստանալ անդամ պետությունից: Սրա հետ կապված, ըստ Սահակյանի, ծավալուն աշխատանք է իրականացվում, որպեսզի այս համակարգով ևս բացառեն կրկնակի կենսաթոշակ ստացողների թիվը համակարգում:

Սահակյանը նշեց նաև, որ ոլորտի գերակա խնդիրներից է թոշակ, նպաստ ստանալու էլեկտրոնային եղանակին անցնելը: «Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար այսօր հնարավոր է դիմել առցանց ու ստանալ սահմանված գումարը: Այս եղանակով առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար արդեն իսկ 32 000 մարդ է դիմել՝ 52 400-ից: Այսուհետ երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալ կարող են epension.am կայքում առցանց դիմում լրացնելու եղանակով: Բացի այդ՝ առցանց կարող են դիմել ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ նշանակելու, ինչպես նաև թաղման նպաստն առցանց եղանակով դիմելու և ստանալու համար»,- նշեց նա՝ հավելելով, որ առաջիկայում նույնպես կլինեն մի շարք ծառայություններ, որոնք առցանց կմատուցվեն: