Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սյունիքի մարզի Լծեն գյուղից մինչ Տաթեւի վանական համալիր ընդամենը 14 կմ անտառային ճանապարհ է: 20-րդ դարասկզբին այդ ճանապարհով Լծեն, այնուհետեւ Լոր գյուղ է հասել Ակսել Բակունցը եւ մի քանի տարի դասավանդել գրականություն: Աշխարհից կտրված Լծենում ամիսը մեկ կամ երկու անգամ է մեքենայի շարժիչի ձայն լսվում:
Մեր այցելությունը շատերին էր զարմացրել, թե տաքսին ինչո՞ւ է գյուղ մտել: Մեզ հանդիպած առաջին գյուղացին հարցրեց. «Ո՞ւմ տուն եք հյուր եկել»: Գյուղամեջում լծենցի Արմենը, իմանալով, որ լրագրող եմ եւ եկել եմ իրենց գյուղի մասին նյութ գրելու, սկսեց դժգոհել. «Անունը դնում են, թե լեռնային գյուղերն ենք զարգացնում, ո՞ւր է, թե զարգացնում են: Երկու ջահել ենք մնացել, մենք էլ հեռանանք, կմնան ես ծերերը: Էդ մեծ մարդիկ ո՞նց պիտի ապրեն, ո՞նց պիտի յոլա գնան ու տաքանան»:
Լծենում այսօր ապրում 118 բնակիչ (39 տնտեսություն) կա, որից միայն 25 ընտանիքն է ձմեռում գյուղում: Բնակչության 80 տոկոսը ծերերն են, 15 տոկոսը՝ երիտասարդներ (15-50 տարեկան), իսկ մնացած 5 տոկոսը երեխաներն են: Ըստ Լծենի գյուղապետ Հրահատ Նիկոլյանի՝ գյուղի 248 հա վարելահողերից այս տարի մշակվել է 218 հա-ն, որից միայն 11 հա-ն է ապահովված ջրով, իսկ մնացած հողակտորները անջրդի են. գյուղացու հույսը անձրեւներն են: «Հիմնականում մեր հողերում ցանում են հացահատիկային կուլտուրաներ, մշակում են նաեւ բանջարաբոստանային կուլտուրաներ»,- ասաց Հ. Նիկոլյանը` հավելելով, որ իրենց ամենամեծ խնդիրը ոռոգման ջուրն է. «Այսքան էլ մարդիկ պակասեցին, միեւնույն է, ջուրը չի հերիքում: «Ձորեր» ՋՕԸ-ն է մեզ մատակարարում է ոռոգման ջուր, խողովակներն արդեն շարքից դուրս են եկել եւ պետք է անպայման թարմացվեն»:
Լծենցիներն այս տարի պտղի լավ բերք են ստացել, սակայն շուկա հանելու հետ կապված խնդիրներ ունեն: Մեզ հետ զրույցի բռնված գյուղացիները հայտնեցին, որ այնքան էլ մեծ ծավալով բերք չեն ստանում, իսկ ստացածով միայն իրենց ընտանիքի, բարեկամ- հարազատի կարիքներն են հոգում: «Օրինակ, եթե ցանկանամ մի քանի արկղ խնձոր ծախեմ, գնորդ չեմ գտնի»,- ժպտալով ասաց նրանցից մեկը: Գյուղապետ Նիկոլյանը նշեց, որ իրենց մոտ միայն ընկույզն է շատ, այս տարի ընկույզի բերքը լավ է եղել. «Չեմ կարող ասել՝ այս տարի ընկույզի կիլոգրամը ինչքանով կվաճառեն, սակայն 2009 թվականին չոր ընկույզի մեկ կիլոգրամն արժեր 1000, 1200, 1300 դրամ»:
Լծենի դպրոցը Սյունիքի մարզում ամենաքիչ թվով աշակերտներն ունի՝ ընդամենը 9 հոգի: Դպրոցը տեղակայված է գյուղի տներից մեկում, որը մի քանի տարի առաջ ՀՀ կառավարությունն է գնել եւ դարձրել Լծենի հիմնական (9-ամյա) դպրոցը: «Գյուղի դպրոցը, իրոք, մասնագետների կարիք ունի, եւ շատ կցանկանայի, որ այդ հարցը շուտ լուծվեր»,- ասաց գյուղապետը:
Անտառի փեշին ծվարած գյուղի բնակիչների համար երկնագույն վառելիքը երազանք է, եւ լծենցին ստիպված է վառելիքի հարց լուծել. միակ աղբյուրը մոտակա անտառն է: Զրուցակիցս` Արմենը, հայտնեց, որ ձմռանն իրենց ընտանիքին հարկավոր է 8-10 խմ փայտ: Միայն փայտ չեն վառում, նաեւ` աթար: «Մենք փայտ չունենք, անտառից ենք փայտ առնում: Կուբամետրն անցյալ տարի առանք 5800 դրամով, իսկ դրա նախորդ տարին 4 800 դրամ էր»,- ասաց Արմենը` հավելելով, որ արդեն չեն թողում անտառից բերեն. «Հերիք չի թույլտվությունը գնում ենք, դրան էլ գումարվում է մեր այն չարչարանքը, որ սարի գլխից գլորում ենք մոտ 500 մետր, նոր այնտեղից ինչով կարողանում ենք, քաշում- բերում ենք: Տանջանքով ենք բերում մեր առած փայտը»:
Պարզվում է, որ մինչեւ այս տարի Լծենի անտառների հատատեղը եղել է գյուղից 7 կմ հեռու, եւ համաձայն հաշվարկների` հատատեղից մինչեւ տուն հասցնելը լծենցիներին 1 խմ փայտն արժենում է 14-15 հազար դրամ: «Փայտի վրա այնքան փող ենք ծախսում, որ էլ ասելու չի: Մի մետր փայտը մեզ վրա նստում է 14-ից մինչեւ 15 հազար դրամ` կտրելը, չեկը, բերողինը, օգնողինը եւ այլն»:
Գյուղապետ Հրահատ Նիկոլյանը նույնպես հաստատեց գյուղացիների դժգոհությունը եւ նշեց, որ եթե իր ղեկավարած գյուղում ձմեռում է 25 ընտանիք, ապա նրանց ամբողջ ձմեռ հարկավոր կլինի միջինը 250 խմ փայտ (մեկ ընտանիքին` 10 խմ): Սակայն նշենց, որ, օրինակ, ըստ վիճակագրության, 2010 թվականին Սիսիանի անտառտնտեսությանը թույլատրված է եղել Լծենի անտառներում մթերել ընդամենը 38 խմ փայտ: Ահա այսպես էլ, իրենց բնորոշմամբ, կիսատ-պռատ երկրում կիսատ-պռատ յոլա են գնում հեռավոր այս գյուղի բնակիչները:
Գալուստ ՆԱՆՅԱՆ
Լծեն-Երեւան
Լուսանկարը` հեղինակի