կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-06 12:15
Քաղաքական

Սերժ Սարգսյանը պատերազմի թոհուբոհերով անցած է. «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

Սերժ Սարգսյանը պատերազմի թոհուբոհերով անցած է. «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը չի շտապում խոսել վարչապետի թեկնածուի մասին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, նա հայտարարեց. «ՀՀԿ-ն դեռ պաշտոնապես թեկնածու չի առաջադրել. կառաջադրեն, կխոսենք»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի`  վարչապետի հնարավոր թեկնածու առաջադրվելու և այս տարիների ընթացքում ինչպիսի ղեկավար լինելու հարցին, պատգամավորն ասաց. «Սերժ Սարգսյանն այնպիսի ճանապարհ է անցել, որ քննարկելը տեղին չեմ համարում, կոռեկտ չէ: Նա պատերազմի ակունքներից մինչև այսօր պատերազմի թոհուբոհերով անցած է»:

Նա նաև անդրադարձավ բազմաթիվ հանրապետականների կողմից արված այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: Մանուկյանի խոսքով` դա այդ հանրապետականների սրտի ցանկությունն է: Իսկ թե ո՞րն է իր սրտի ցանկությունը, պատգամավորն ասաց. «Իմ սրտի ցանկությունն իմ սրտինն է»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի` 2014 թվականին արած հայտարարությանըմ թե չի հավակնի երկրի ղեկավարի պաշտոնին, Մանուկյանը հայտարարեց, թե իրեն պրովոկացիոն հարց են տալիս: «Պրովոկացիոն հարց եք տալիս, չեմ պատասխանի: Դեռ ՀՀԿ-ն պաշտոնապես վարչապետի թեկնածու չի առաջադրել»,- ասաց նա:

Հարցին՝ քաղաքականության մեջ մարդն իր խոսքի տերը պե՞տք է լինի, թե՞ ոչ, պատասխանեց. «Մարդ ամեն տեղ պետք է իր խոսքի տերը լինի: Ես կոռեկտ չեմ համարում նախագահի խոսքերն անվանել «անլուրջ», չի կարելի: Իրավիճակներ կան, որ կարող են փոխել ամեն ինչ»:

Ինչ վերաբերում է, որ վարչապետի ընտրության օրն են փոխել` մայիսի 2-ից տեղափոխելով ապրիլի 17-ին, պատգամավորը նշեց. «Հինգ օր ուշ, հինգ օր շուտ, ի՞նչ կա: Հանրապետականը Սերժ Սարգսյանին արագ կամ դանդաղ բերելու խնդիր չունի»:

Հարցին, թե իր պատասխանն ընդդիմադիր խմբակցության ներկայացուցչի պատասխա՞ն է համարում, Դավիթ Մանուկյանը պատասխանեց, որ իր պատասխանները հակիրճ է համարում:

Ինչ վերաբերում է հարցին` կողմ կքվեարկի՞, եթե Սերժ Սարգսյանը լինի վարչապետի թեկնածուն, նա ասաց, որ ինքն անհատ պատգամավոր չէ և կքվեարկի այնպես, ինչպես կորոշի իրենց քաղաքական թիմը, առաջնորդը: