Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ դեռ բյուջեի վերաբերյալ քննարկումներ չեն եղել իրենց խմբակցությունում, սակայն ավելի շատ հակված են դեմ խոսել:
«Եթե նման սոցիալական վիճակում ենք, ո՞նց կարող ենք ավելի շատ «կողմ»-ի հակված լինել: Բյուջեում չի նախատեսվում սոցիալական որևէ փոփոխություն, և այն վիճակը, որն ունի ժողովուրդը, չեմ կարծում որոշակի բարելավումներ կան, դա իմ անձնական կարծքին է»,- ասաց նա:
Նշենք, որ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է իր խմբակցության անդամներին` ավելի ընդդիմադիր կեցվածք ընդունել բյուջեի քննարկումների ժամանակ: Սրան ի պատասխան` Գրիգորյանն ասաց, որ դրանք ասեկոսեներ են: «Չկա նման բան, այդպիսի քննարկում չի եղել մեր խմբակցությունում: Պարոն Ծառուկյանն այդպիսի հանձնարարական չի տվել: Դա ուղղակի ասեկոսեներ են: Պարոն Ծառուկայնը միշտ քննարկման ու կոլեգիալ որոշումներ կայացնելու կողմնակից է եղել»,- ասաց պատգամավորը:
Ապա Գրիգորյանը վրդովվեց «ընդդիմադիր կեցվածք» արտահայտությունից: «Ի՞նչ է նշանակում` ընդդիմադիր կեցվածք ընդունել, եթե մեր խմբակցությունն ընդդիմադիր դաշտում է գործում: Դա նշանակում է, որ ձևական կարող ես լինել ընդդիմադիր, հետո երբ պետք չէ, չլինես: Ես շատ լավ հասկանում եմ ձեր տողատակում ինչ է, բայց չկա նման բան, նորից եմ կրկնում` պարոն Ծառուկյանը միշտ կողմնակից է եղել քննարկումների, կոլեգիալ որոշում ընդունելուն, երբևիցե նման հանձնարարություն որևէ մեկին չի եղել»,- ասաց նա:
Դիտարկմանն էլ` եթե լինի հանձնարարություն, «գրոհելո՞ւ են» բյուջեի քննարկումների ժամանակ, Գրիգորյանն արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում` գրոհել: Մենք միշտ ասել ենք, որ ինքնանպատակ որևէ գործառույթ չենք իրականացրել: Այն նախագծերին, որոնք շոշափում են մեր ազգաբնակչության շահերը` դրական առումով, մենք միշտ կողմ ենք քվեարկել, իսկ այն օրինագծերին, որոնք մեր ժողովրդի սոցիալական իրավիճակի հետ են կապված, ժողովրդի շահերին դեմ են, իհարկե, մենք դեմ ենք քվեարկում»:
Գրիգորյանը նաև չհամաձայնեց, թե Գագիկ Ծառուկյանն իր խմբակցության որոշ պատգամավորների, մասնավորպես` Վարդան Ղուկասյանին արգելել է հարցազրույցներ տալ կամ առհասարակ խոսել: «Նման ինֆորմացիայի ես չեմ տիրապետում, բայց էլի եմ ասում` գիտենալով Ծառուկյան տեսակին, մարդուն, Ծառուկյանը երբեք իրեն թույլ չի տվել մեկին հրահանգի` շատ խոսիր կամ քիչ խոսիր: Առավել ևս` ԱԺ պատգամավորին, որը կրթական մակարդակով բարձր է»,- ասաց Գրիգորյանը, ապա հավելեց, որ լրագրողներն իրեն ասեկոսեներից հարցեր չտան: