Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետի պաշտոնում պետք է առաջադրվի Սերժ Սարգսյանը. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը` անդրադառնալով երեկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի արած հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Կարապետյանն ասել էր, որ որոշել են կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում պահպանել ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան, այսինքն` որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
«Բայց մենք` որպես քաղաքական ուժ, իրավունք չունենք, մինչև փաստացի առաջադրում չլինի, քննարկելու, որովհետև քաղաքական որոշումները ենթադրությունների հիման վրա չեն կառուցում, հետևաբար` մենք որևէ քննարկում չենք ունեցել, որոշում չունենք»,-ասաց Բագրատյանը:
Հարցին, թե, հաշվի առնելով նախագահության նախորդ 10 տարիները, արդյո՞ք, ըստ «Ծառուկյան» դաշինքի, Սերժ Սարգսյանը պիտի լինի վարչապետ, նա պատասխանեց, որ դրանք տարբեր պաշտոններ են: «Նախագահ կարող ես աշխատել այլ որակներով, այլ ռեժիմով, վարչապետ` այլ, դրա համար ես միշտ ասում եմ, որ անձը խիստ երկրորդական է, խնդիրը համակարգն է»,- ասաց նա:
Բագրատյանը հավաստիացնում է, որ իրենք մշտապես էական փոփոխությունների համար առաջարկներ են ներկայացնում, դրանց թվում` ընդդիմադիրներին լծակներ տալու վերաբերյալ առաջարկներ, սակայն իշխանության կողմից դրանք չեն ընդունվում: «Քաղաքական կամքի հույսին որ մնանք, 30 տարի այս վիճակում ենք»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ եթե իրենք կողմ քվեարկեն վարչապետի թեկնածությանը, այլևս ընդդիմություն չեն համարվի: «Եթե մենք վարչապետին կողմ քվեարկենք, նշանակում է՝ ընդդիմություն չենք: Տրամաբանական է, որ մենք քաղաքագիտորեն չենք կարող կառավարության այս ծրագրին կողմ քվեարկել: Իսկ վարչապետը կառավարության ծրագիրն իրացնող համար մեկ պաշտոնյան է: Եթե դու վարչապետին կողմ ես քվեարկում, նշանակում է` այդ ծրագրին էլ ես կողմ: Եթե մենք ընդդիմություն ենք ու կողմ ենք, դա հասկանալի չէ»,- ասաց նա:
Բագրատյանը հավելեց, որ սա իր անձնական կարծիքն է, և եթե իրենց կուսակցական ընկերներն այլ մոդել առաջարկեն, այն պետք է համոզիչ լինի:
Հարցին` եթե կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշի, որ կողմ են քվեարկելու, ի՞նչ կլինի, նա արձագանքեց. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Գագիկ Ծառուկյանը ձեր իմացած քաղաքական գործիչներից երևի ամենաքիչն է կարծիք պարտադրում, նա իդեալական լսել ու բանավիճել գիտի: Պատկերացրեք` նախագահի ընտրության որոշումը մենք շատ երկար քննարկել ենք, ինքը մինչև վերջ կարծիք չի ասել, ասել է՝ դուք որոշեք, դուք ընտրեք»: