Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը Yerkir.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց` եթե Սերժ Սարգսյանն այժմ ասեր, որ մենք հողային պահանջներ ունենք, դա կընկալվեր որպես պատերազմի հրահրում:
«Սերժ Սարգսյանն ասել է, որ մեր օրակարգում հիմա Ցեղասպանության ճանաչման խնդիրն է: Պատկերացրեք մի պահ` ի՞նչ է նշանակում պետության ղեկավարի կողմից հողային պահանջ ներկայացնելը: Դա պատերազմի ուղղակի հրահրում է, որը ցանկացած պետության ղեկավար, այդ թվում` և Հայաստանի ղեկավարը չէր կարող անել»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ պետք է ավելի շատ կենտրոնանալ նրա վրա, թե կոնկրետ ինչ է ասել նախագահը, ոչ թե մեկնաբանություններ և եզրակացություններ անել: «Իմ տեղեկության համաձայն` նա ասել է` այսօր մենք նման խնդիր օրակարգում չունենք, օրակարգում ունենք Ցեղասպանության ճանաչման խնդիր: Հոտառություն ունեցող ցանկացած քաղաքական գործիչ կհասկանա Սերժ Սարգսյանի ասածի տողատակերը: Նա ասում է, որ Ցեղասպանության ճանաչմանը պետք է հաջորդի իրավունքների վերականգնումը և ունեցվածքների վերադարձը»,- նշեց պատգամավորը:
Խոսելով Կիլիկիայի կաթողիկոսարանի`Թուրքիայից Սիսի նստավայրի պահանջի մասին, Ախոյանը նշեց. «Դեմ եմ անհատական դատական գործընթացներին, մենք կողմ ենք հանրային ունեցվածքը ընդհանուրի անունից Թուրքիայի իշխանություններից պահանջելուն: Զարմանում եմ, ինչո՞ւ միայն Սիսը: Բա Վարագավանքն ո՞վ է պահանջելու, Մշո Սուրբ Կարապետն ո՞վ է պահանջելու: Խնդիրները պետք է ընդհանուր դնել: Կարծում եմ, որ թուրքական իշխանությունները շատ կուրախանան, եթե մենք սկսենք անհատական դատական պրոցեսներով առաջ գնալ»: