կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-20 13:17
Հասարակություն

Ո´չ Ազիզյանը, ո´չ «Ծառուկյան» խմբակցության որևէ պատգամավոր չի ասել` սխալ քվեարկություն է եղել. Շարմազանով

Ո´չ Ազիզյանը, ո´չ «Ծառուկյան» խմբակցության որևէ պատգամավոր չի ասել` սխալ քվեարկություն է եղել. Շարմազանով
Օրենքն ընդունվել է` ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն. խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով դատական օրենսգրքի ընդունման ժամանակ տեղի ունեցած սկանդալին:

««Ելք» խմբակցության ներկայացուցիչ Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, որ խնդիրը բացառապես պարոն Նապոլեոն Ազիզյանի քվեարկության մեջ է, սակայն պարոն Ազիզյանը, ոչ էլ «Ծառուկյան» դաշինքի որևէ այլ պատգամավոր նիստի ժամանակ վարման կարգով ձայն չի խնդրել և չի ասել, որ այդ քվեարկությունը սխալ է: Ես` որպես նիստը վարող, ասում եմ` ամեն ինչ եղել է օրինական: Ցուցատախտակին եղել է 61 ձայն + Մախմուդյանի ձայնը, ով հայտարարել է, որ կոճակը չի աշխատում»,- ասաց Շարմազանովը:

Yerkir.am-ի դիտարկմանը` Էնֆիաջյանը պնդեց, որ Ազիզյանը քարտուղարությանը նամակ է գրել, որ սխալմամբ է կողմ քվեարկել, Շարմազանովն արձագանքեց` քարտուղարությունն ի՞նչ կապ ունի: «Կա օրենք, վարման կարգի իրավունք, եթե դու քո քվեարկության հետ խնդիր ունես, ապա դու կամ խմբակցությունից որևէ մեկը ձեռք է բարձրացնում և վարման կարգով խոսում: «Ծառուկյան» դաշինքից որևէ պատգամավոր, այդ թվում` նաև Ազիզյանը, վարման կարգով ձայն չի խնդրել»,- ասաց նա:

Հարցին էլ` ինչո՞ւ կրկին չքվեարկեցին, Շարմազանովը պատասխանեց, որ դրա կարիքը չկար: 
««Ելքը» չի մասնակցել քվեարկությանը և խոսել է այդ մասին:«Ծառուկյան» խմբակցությունից մեկ պատգամավոր կողմ է քվեարկել, և խմբակցությունից չի եղել ելույթ քվեարկությունը կրկնելու վերաբերյալ, այդ պատճառով էլ չի վերաքվեարկվել»,- ասաց նա, ապա հավելեց, որ ամեն ինչ եղել է օրինական:
 
Նշենք, որ օրենքին կողմ քվեարկելու մասին ստորագրություն է թողել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ով այժմ բացակայում է նիստից: