Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարությունը 2017-ի նոյեմբերի 9-ին ընդունել է «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը: Որոշման համաձայն՝ Հայաստանում գրանցված 4723 դեղերից 3470-ը կվաճառվեն դեղատոմսով:
Մարտի 1-ից դեղատոմսով կվաճառվեն որոշ դեղեր, մասնավորապես` հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատներ և կոդեին պարունակող դեղերը, իսկ հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերը, հոկտեմբերի 1-ից արդեն ամբողջությամբ պահանջը ուժի մեջ կմտնի բոլոր այն դեղերի նկատմամբ, որոնց դեպքում պետք է բժշկի տված դեղատոմսը:
Առողջապահության նախարարությունը մշակել է 4 դեղատոմսային ձևեր, որոնք կցվում են որոշմանը: Կա նաև բազմակի դեղատոմս, որով հիվանդը կարող է նույն դեղը գնել ոչ ավելի, քան 6 անգամ: Սա նախատեսված է այն դեպքերի համար, երբ քաղաքացին թանկարժեք դեղերը չի կարողանում միանգամից գնել, այլ մի քանի անգամ մի քանի հաբ է գնում:
Դեղատոմսով ձեռք բերվող դեղերի ցանկում են հայտնվել նաև բնակչության կողմից հաճախ կիրառելի դեղեր, օրինակ` «Ամոքսիցիլին», «Ամպիցիլին», «Անալգին», «Բիսեպտոլ», «Դիկլակ», «Դեքսամեթազոն», «Իբուպրոֆեն», «Լիդոկային», «Լորինդեն Ց», «Կապտոպրիլ», «Կետոնալ», «Նո-շպա», «Նովոկային», «Սինաֆլան», «Վիագրա», «Վոլտարեն», «Տետրացիկլին», «Օմեպրազոլ»: Դեղերի ամբողջական ցանկը կարելի է տեսնել այս հղումով:
Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրականում օրենքի այս նախագծով ոչ մի նոր բան չի սահմանվում. նախկինում էլ այդ դեղերը միայն դեղատոմսով էին բաց թողնում, պարզապես հիմա վերահսկողությունն է ուժեղացվելու: «Առողջապահության նախարարությանն առընթեր պետական տեսչության մարմին է ստեղծվում, որը վերահսկողական գործառույթ կիրականացնի, այդ թվում՝ նաև կվերահսկի դեղատոմսերի շրջանառության գործընթացը: Մինչ այս բոլորս էլ գիտեինք, որ դեղատոմսով բաց թողնվող դեղերը կարող ենք առանց դեղատոմսի վերցնել, իսկ հիմա խստացվում են կարգերը, և վերահսկողությունն է ուժեղացվում»,- ասաց Զաքարյանը:
Հարցին` արդյո՞ք օբյեկտիվ է այս կամ այն դեղի՝ միայն դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկում հայտնվելը, Զաքարյանը պատասխանեց` եթե նույն բանի համար նախատեսված դեղերից մեկն ընդգրկվել է այդ ցուցակում, իսկ մյուսը՝ ոչ, ուրեմն վերջին դեղի բաղադրության մեջ ինչ-ինչ տարրեր կան, որոնք չի կարելի չարաշահել՝ ինքնուրույն նշանակում անելով, կիրառելով: «Չեմ կարող ասել՝ այստեղ կոռուպցիոն ռիսկ կա՞, թե՞ ոչ, սակայն մեկ այլ խնդիր կա՝ Հայաստանը կարծես Վրաստանին հարստացնելու գործընթաց է սկսել: Խնդիրն այն է, որ Վրաստանում դեղ արտադրողների համար չկա 20 տոկոս ԱԱՀ-ն, ինչի պատճառով էլ որոշ դեղեր ավելի էժան են, քան մեզ մոտ: Մարդիկ էլ հիմա նախընտրում են գնալ Վրաստան, տեղում բուժում ստանալ, մի տոպրակ էլ դեղ հետները բերել Հայաստան: Մենք վարչապետին ներկայացրել ենք այս խնդիրը և ասել, որ չի կարելի տարածաշրջանում լինել ոչ մրցունակ, պետք է մենք էլ ԱԱՀ-ն հանենք»,- նշեց Զաքարյանը:
Նրա խոսքով՝ շուտով խնդիրներ կառաջացնի էլեկտրոնային առողջապահության ներդրումը, քանի որ դեղատները պետք է ունենան համակարգիչներ, դեղատան աշխատակիցները՝ ID-ներ, և այս ամենը՝ շատ կարճ ժամանակահատվածում: Զաքարյանի հավաստմամբ՝ էլեկտրոնային առողջապահությանն անցնելը լավ է, ավելի քաղաքակիրթ կդարձնի համակարգը, սակայն դեղատները պատրաստ չեն նման ծախսերի: «Ամեն ինչ արվում է, որ դեղերը կամաց-կամաց թանկանան: Այս առումով ավելի տխուր է մարզերի վիճակը, քանի որ 10 գյուղում 1 բժիշկ կա, 1 դեղատուն, իսկ մարզերում ինտերնետին միանալն այնքան էլ հեշտ չէ: Ճիշտ կլիներ, որ օրենքը մշակելիս մի հատ էլ մասնավոր սեկտորի հետ այն քննարկվեր, որ մենք էլ այս խնդիրներն ու մեր մտահոգությունները ներկայացնեինք»,- ասաց նա:
Yerkir.am-ը զրուցեց նաև որոշ դեղատների աշխատակիցների հետ, ովքեր նշում էին, որ վերջին օրերին, ինչ բնակչությունն իմացել է, որ դեղատոմսով են բաց թողնվելու մի շարք դեղեր, մի քանի տուփերով գնում են այդ դեղերից՝ հետագայում գոնե որոշ ժամանակով գլխացավանքից ազատվելու համար: «Հատկապես ուժեղ ցավազրկողներն են հիմա շատ գնում, որովհետև հետո արդեն միայն դեղատոմսով պետք է գնեն դրանք: Բացի այդ` կան դեղեր, որոնք որոշ մարդիկ պարբերաբար պետք է ընդունեն, և հետագայում անընդհատ պոլիկլինիկա չգնալու համար հիմա մեծ քանակությամբ գնում են դրանցից»,- ասաց դեղատներից մեկի աշխատակցուհին:
Ի դեպ, նախատեսված դեղերի դուրսգրումը դեղատոմսով չիրականացնելու դեպքում տույժեր, տուգանքներ են սահմանվել: