Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ծառուկյան» խմբակցության կողմից ներկայացված` Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը:
Հիմնական զեկույցով հանդես եկավ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը և նշեց, որ Աշխատանքային օրենսգիրքը բազմիցս փոփոխությունների է ենթարկվել, բայց այս հարցին ուշադրություն չի դարձվել: Իսկ առաջարկը հետևյալն է. «Անկախ գործատուի սեփականության ձևից և կազմակերպաիրավական տեսակից` աշխատողների հաստիքները կամ թվաքանակը կրճատելու, ինչպես նաև հավասար որակավորման կամ արտադրողականության դեպքում աշխատելու նախապատվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի ընտանիքի անդամներին, եթե նրանց ընտանիքում ինքնուրույն վաստակով այլ աշխատող չկա»:
Պատգամավորը նշեց, որ սա շատ կարևոր է անել, քանի որ վերջերս հաճախ է խոսվում ազգ-բանակ կոնցեպտի մասին, բացի այդ` այս առաջարկով ոչ մեկի վրա ավելորդ սոցիալական բեռ չի ընկնում: Պետրոսյանը գոհ չէ կառավարության` բերած առաջարկությունը մերժելու պատճառաբանությունից, ինչի հետևանքով այն լիագումար նիստում չի քննարկվելու:
Նշենք, որ կառավարությունը մերժել է առաջարկը` պատճառաբանելով. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին հաստիքների կրճատման դեպքում աշխատանքում մնալու նախապատվություն տալու կարգավորմանը վերաբերող համանման առաջարկություն ներկայացվել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից»:
Պատգամավորը նշեց, որ, հարգելով կանխավարկածի նորմը, համարում է, որ հնարավոր է կառավարությունն իրենց առաջարկությունից հետո է հարցը ներառել օրենսգրքում: Բացի այդ, ըստ նրա, կառավարության ներկայացրած նախագծերը շրջանառության մեջ մտնելու համար բավական երկար ժամանակ է պահանջվում:
«Դա նույնն է, թե մարդը գնա բժշկի` երիկամի խնդրով, նրան ասեն` վեց ամսից ընդհանուր ստուգման ես գալու, սպասի այդ ժամանակվան»,- եզրափակեց Պետրոսյանը:
Հարցով հարակից զեկուցող` ՀՀ սոցապ նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը նշեց, որ կառավարությունն էլ օրենքում փոփոխություններ անելու իր տարբերակն ունի։ «Մեր կարգավորումն ավելի է ընդլայնում այս հնարավորությունը»,- նշեց նա։
Փոխնախարարը նաև նշեց, որ եթե պատգամավորական տարբերակում այլ հավասար պայմանների մասով նշվում է հավասար որակավորում կամ արտադրողականություն ունենալը, դա բավարար չէ, որովհետև անհրաժեշտ է հաշվի առնել նաև աշխատակիցների ստաժը։ «Ի տարբերություն պատգամավորական նախաձեռնության, նախարարության նախագծում ոչ միայն զոհված ու հաշմանդամություն ստածներին են ներառում, այլև հաշմանդամություն ստացած և կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողներին»,- ասաց նա: