կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-10 16:05
Իրավական

Երիկամի վաճառքի մեջ մեղադրվող կողմը պարզաբանում է

Երիկամի վաճառքի մեջ մեղադրվող կողմը պարզաբանում է
Մասնագիտությամբ ինժեներ Կարապետ Կարապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե Հայաստանում մարդու օրգաններ գողանալու մաֆիա կա, և «Մարգարյան»(Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ) հիվանդանոցի տնօրեն, բժիշկ Գեորգի Օկոևին մեղադրեց կնոջը սեռական օրգաններից զրկելու և երիկամները գողանալու մեջ։ 


Վերը նշված խնդրի կապակցությամբ այսօր պարզաբանմամբ է հանդես եկել նաև, որ «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ տնօրեն պրոֆոսոր Գ. Օկոևը, որը ներկայացնում ենք ստորև.


Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության լրատվամիջոցներում վերջերս ակտիվորեն տարածվում են բազմաթիվ անճշտություններ և անհիմն մեղադրանքներ պարունակվող տեղեկություններ քաղաքացի Նունե Մաղաքյանին բժշկական վիրահատական միջամտության ենթարկելու կապակցությամբ, «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն¦ ՓԲԸ-ն սույնով ներկայացնում է որոշակի պարզաբանումներ:


Նախ նշենք, որ Նունե Մաղաքյանի ամուսին Կարապետ Կարապետյանի կողմից լրատվամիջոցների միջոցով տարածվում են ոչ միայն իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, այլ նաև «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ-ին և անձամբ պրոֆեսոր Օկոևին ուղղված անվայել և վիրավորական արտահայտություններ, որոնց չենք անդրադառնում՝ ցանկանալով մնալ քաղաքակիրթ երկխոսության և կոռեկտության սահմաններում: Միաժամանակ, հաշվի առնելով ՀՀ օրենսդրության պահանջները, ներկայացնում ենք բացառապես բժշկական գաղտնիք չհանդիսացող տեղեկություններ կամ այնպիսի տեղեկություններ, որոնք հայտնի են դարձել Ն.Մաղաքյանի և իր ամուսին Կ.Կարապետյանի հրապարակային հայտարարություններից:


Հակիրճ ներկայացնենք իրավիճակը.


Ն.Մաղաքյանը 2008թ.-ի հոկտեմբերին' ունենալով ցավեր, դիմել է «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ բուժօգնություն ստանալու խնդրանքով: Կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Ն.Մաղաքյանին բուժօգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է կատարել վիրահատություն, ինչի վերաբերյալ Ն.Մաղաքյանը տվել է իր գրավոր համաձայնությունը:


Վիրահատության ընթացքում պարզ է դարձել, որ նախնական ախտորոշումից բացի առկա են նաև վիրահատական միջամտության ենթակա այլ խնդիրներ, ինչը հաշվի առնելով՝ վիրահատությունն իրականացնող բժիշկի կողմից որոշում է կայացվել ընդլայնել վիրահատության ծավալը: Վիրահատության ընթացքում տեղի է ունեցել նման վիրահատությունների դեպքում բժշկությանը հայտնի բարդություններից մեկը, որից հետո կարիք է առաջացել այլ մասնագետների միջամտության, և Ն.Մաղաքյանը տեղափոխվել է այլ բժշկական կենտրոն: Մի քանի վիրահատություններից հետո Ն.Մաղաքյանի գրավոր խնդրանքով և գրավոր փաստաթղթի կազմման հիման վրա իր երիկամը հեռացվել է:
Ստորև նշենք Մաղաքյանի և Կարապետյանի մեղադրանքները հերքող հիմնական փաստերը.


1. «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ-ի կողմից իրականացված վիրահատական միջամտության ընթացքում որևէ բշժկական սխալ չի կատարվել:


Սա հաստատվում է երեք փորձաքննական եզրակացություններով, որոնցից երկուսը Հայաստանի Հանրապետությունում գործող բժիշկ մասնագետների կողմից իրականացված դատաբժշկական փորձաքննություններ են, մեկը՝ գերմանացի բժշկի կողմից իրականացված փորձաքննություն է: Նշենք, որ գերմանացի բժշկին դիմել էր Ն.Մաղաքյանը և իր ամուսինը, և եթե նրանց կարծիքով Հայաստանում փորձաքննություններն իրականացվում են ոչ օբյեկտիվ, ապա գերմանացի մասնագետի անաչառությանը կասկածելու որևէ հիմքեր նրանք չունեն: Մասնավորապես, գերմանացի բժիշկն իր եզրակացության մեջ հստակ նշել է, որ պրոֆեսոր Օկոևը վիրահատության ընթացքում որևէ բժշկական սխալ թույլ չի տվել և իր կողմից վիրահատության ծավալների ընդլայնումը եղել է ցուցված և ուղղված է եղել հիվանդի առողջության բարելավմանը:


2. Բժշկական վիրահատությունը իրականացվել է Մաղաքյանի համաձայնությամբ: Սա հաստատվում է Մաղաքյանի կողմից ստորագրված գրավոր համաձայնությամբ, այն պարագայում, երբ օրենքը նույնիսկ բանավոր համաձայնությունն է բավարար համարում: Նշենք նաև, որ բացի համաձայնությունը գրավոր տալուց Ն.Մաղաքյանը նաև տեղեկացվել է վիրահատության, վիրահատական միջամտության էության մասին, նրան բացատրվել է, որ վիրահատության ընթացքում հնարավոր են բարդություններ և վիրահատության ծավալի փոփոխություն, ինչը նույնպես գրավոր հաստատվել է Մաղաքյանի կողմից:


3. Ն.Մաղաքյանի վիրահատությունը օրինական կերպով կատարվել է պետպատվերի շրջանակներում:
Բժիշկը կամ բժշկական կազմակերպությունը ինքնուրույն իրավունք չունեն որոշելու, թե որ վիրահատությունը կամ այլ բժշկական ծառայությունը պետք է կատարվի պետպատվերի շրջանակներում, քանի որ դա կատարվում է պետական մարմինների կողմից նախապես հաստատված կարգով և դեպքերում: Նշենք, որ պետպատվերի ձևակերպումը բժշկական կենտրոնի կողմից իրականացվող բարեգործություն չէ, այլ օրենքով սահմանված պարտականություն: Տվյալ դեպքում վիրահատությունը կատարվել է պետպատվերի սահմաններում, քանի որ առկա է եղել ցավային սինդրոմ' համաձայն վիրահատության կատարման պահին գործող իրավական կարգավորման:
Իսկ եթե Ն.Մաղաքյանը և նրա ամուսին Կ.Կարապետյանը գտնում են, որ վիրահատությունը չպետք է կատարվեր պետպատվերի շրջանակներում, ապա նրանք կարող են պետբյուջե վերադարձնել վիրահատության արժեքը, որը փոխանցվել է բուժհաստատությանը:


4. Ն.Մաղաքյանի երիկամը հեռացվել է իր իսկ գրավոր խնդրանքով
Ն.Մաղաքյանի երիկամը հեռացվել է այլ բժշկական կենտրոնում «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ-ում վիրահատվելուց ավելի քան կես տարի անց: Ն. Մաղաքյանը հրաժարվել է իրեն առաջարկած բուժման երկու եղանակներից, որոնք թույլ կտային պահպանել երիկամը, և գրավոր դիմել է իր երիկամը հեռացնելու խնդրանքով: Ինչ վերաբերում է հեռացված երիկամը իրեն չհանձնելու վերաբերյալ անհեթեթ մեղադրանքին, ապա Հայաստանի Հանրապետությունում գործող հիգիենիկ և հակահամաճարակային նորմերի համաձայն հեռացված օրգանները ենթակա են հատուկ առանձնացված պահպանման և հատուկ եղանակով ոչնչացման, ինչի պարագայում բժշկական կենտրոնի կողմից հիվանդի նման անհեթեթ խնդրանքի կատարումը ապօրինի կլիներ: Նշենք նաև, որ քաղաքացիական գործով դատաքննության ընթացքում Ն.Մաղաքյանի ամուսին Կ.Կարապետյանը, հանդես գալով որպես վկա (դատաքննության ընթացքում վկան քրեական պատասխանատվություն է կրում սուտ ցուցմունք տալու համար, ի տարբերություն լրատվամիջոցներով սուտ տեղեկություններ տարածելու դեպքերի) դատարանին հայտնել էր, որ ավստրիացի, Սանկտ-Պետերբուրգի և հայ մասնագետների կարծիքով Ն.Մաղաքյանի երիկամը մինչև հեռացումը ուներ 80 տոկոս ոչ պիտանիության աստիճան, ինչը Ն.Մաղաքյանի կողմից առաջարկված բուժման եղանակներից հրաժարվելու արդյունք էր:


Ամփոփելով վերը նշվածը՝ նշենք, որ Կ.Կարապետյանի կողմից հնչեցված սուտ տեղեկությունները և մեղադրանքներր հիմնված են բացառապես իր բանավոր հայտարարությունների, չապացուցված և իր իսկ կողմից հորինված փաստերի վրա, չունեն որևէ փաստական և իրավական հիմքեր և ուղղված են հասարակությունը մոլորության մեջ գցելու և «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ-ն վարկաբեկելու նպատակին: Դրա ամենավառ ապացույցն այն է, որ Կ.Կարապետյանը չցանկացավ հրապարակել և հասարակությանը հասանելի դարձնել իր իսկ պատվերով կատարված գերմանացի բժիշկի փորձաքննության եզրակացությունը:


Միաժամանակ, հաշվի առնելով, որ մինչ օրս լրատվամիջոցների կողմից Ն.Մաղաքյանի վիրահատության հետ կապված տեղեկատվությունը հրապարակվել է խիստ միակողմանի, առանց ստուգելու Կ.Կարապետյանի կողմից տարածված անհիմն մեղադրանքները, «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ-ն հուսով է, որ Ն.Մաղաքյանի հայցով հարուցված քաղաքացիական գործի ընթացքը այսուհետ կլուսաբանվի օբյեկտիվորեն՝ հաշվի առնելով բազմակարծության սկզբունքը, և այդ նպատակով պատրաստ է տրամադրել բժշկական գաղտնիք չհանդիսացող ցանկացած տեղեկատվություն:
Հարգանքներով,


«Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ տնօրեն
պրոֆոսոր Գ.Գ. Օկոև


«Կարախանյան և ընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ