կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-14 20:13
Հասարակություն

Գալու են «Զորաց» պանթեոն ու ասեն՝ տղե՛րք, դուք հաղթեցիք. պռոշյանցիները վերջին հրաժեշտը տվեցին եւս 5 հերոսի

Պռոշյանցիներն այսօր (հոկտեմբերի 13-ին-Yerkir.am) վերջին հրաժեշտը տվեցին իրենց հերոսներից եւս 5-ին՝ Արշակ Մելիքյանին (33 տ.), Մանուկ Թորոսյանին (35 տ.), Սուրեն Հովսեփյանին (47 տ.), Հովհաննես Պետրոսյանին (25 տ.) ու Ալիկ Մկրտչյանին (42 տ.):  Հուղարկավարության ավարտին՝ Պռոշյանի «Զորաց» պանթեոնում ներկաներին խոսքով դիմեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:

«Երբ երեկ ասացին, որ այսօր խոսք պետք է ասեմ, մի պահ անդրադարձա՝ ո՞վ իրավունք ունի մեր երկրում պռոշյանցու առջեւ կանգնել ու խոսք ասել, ո՞վ այդ իրավունքը կարող է վաստակել: Այն Պռոշյանի, ով իր անցյալով արդեն հերոսական է,  եւ եթե մեր երկրում կարգ լիներ, օրենք լիներ հերոս գյուղի, հերոս քաղաքի, առաջիններից մեկը հենց Պռոշյանն էր, որ այդ իրավունքը վաստակել է: Ու թերեւս այսօր խոսքեր չասեի, այլ ուղղակի կարդայի Չոլոյի ճառը, որովհետեւ պռոշյանցիների նախնիներից շատ շատերը՝ Էրգրից սկսած Չոլոյի ճառի նման ճառեր արտասանելու բազմաթիվ առիթներ են ունեցել: Հետո արդեն արցախյան ազատամարտում Պետոն Կարոտի համար է ասել, հետո Պետոյի համար Հրաչն է ասել, հետո Հրաչի համար էլ են ասել, Ազնավուրի, Արտակի… այս պանթեոնում թաղված բոլոր հերոսների:  Շատ դժվար է որեւէ բան ասել, որովհետեւ այս գյուղն իր ամբողջ անցյալով, իր ամբողջ ճանապարհով դաստիարակեց հենց այդպիսի հերոսներ, ովքեր արցախյան ազատամարտի առաջին օրերին  իրենց նախնիների ավանդույթները շարունակելով՝ ազատագրեցին ու պահեցին մեր արցախյան հողը,  հետո արդեն երբ նորից ապրիլին վտանգ կար,  հենց պռոշյանցիներն էին, որ  առաջիններից անդամագրվեցին այդ պայքարում: Ապրիլյան պատերազմի մասնակիցներն արդեն այս պատերազմում զավակ են կորցնում: Ցավում եւ ցավակցում եմ բոլորիդ: Ձեզ՝ ուժ, կամք, որովհետեւ դուք եք դաստիարակել այդ հերոսներին, ովքեր չսպասեցին որեւէ զորականչի, զինկոմիստարիատի թղթի, այլ առաջին օրն անդամագրվեցին, առաջին օրը գնացին նաեւ իրենց պռոշյանցի նահատակված հայրենակիցների ձեռքբերածը, հաղթածը, պահածը, որ նորից պահպանեն: Եվ դրա համար է, որ այսօր հայրենական է այս պատերազմը, այսօր տուն չկա, օջախ չկա, որ առաջնագծում զավակ չունենա, եղբայր չունենա, հայր չունենա, ամուսին չունենա», - շեշտեց Գ. Մանուկյանը, ապա դիմեց նահատակված հերոսներին անուն առ անուն:

«Տղերք ջան, թող հողը թեթեւ լինի ձեզ վրա՝ այն հողը, որ դուք այնքան էիք սիրում, որ այդ հողի համար ձեր կյանքը տվեցիք, գրկեցիք այդ հողն ու նահատակվեցիք այդ հողի համար: Հողն էլ այսօր ընդունեց ձեզ, իսկ Կարոտ ջան, Պետո ջան, Հրաչ ջան, Ազնավուր, Արտակ, մյուսներ, տղերքին լավ ընդունեք, տղերքին սիրով ընդունեք, տղերքը ձեզնով են դաստիարակվել, տղերքը ձեր անունով երգեր են երգել, այդպես են մեծացել, տղերքի համար ձեր նկարները սրբապատկեր էին, այսօր արդեն ձեր նկարներն են սրբապատկեր դարձել, տղերք ջան: Եվ դուք էլ ընդունեք վաղը մյուս օրը այն բոլոր ձեր պռոշյանցիներին, ձեր հերոս նահատակ ընկերներին, որոնք գալիս են ձեր  հետ», - ասաց ՀՅԴ-ականը:

Ամփոփելով խոսքը՝ Գ. Մանուկյանը մեր ժողովրդին կամք եւ միասնականություն մաղթեց, որ այս ծանր պայքարում, այս հայրենական պատերազմին նորից հաղթանակով դուրս գանք. «Ու ամեն օր այս պանթեոնը շարունակելու է մնալ, սրբատեղի: Բոլորն այցի են գալու եւ ասելու են՝  տղե՛րք, իզուր չնահատակվեցիք, տղե՛րք, մենք հաղթեցինք, դուք հաղթեցիք, ձեր հաղթանակով հաղթանակն ամրապնդվեց: Դաշնակցական մեծ համաշխարհային ընտանիքի անունից գլուխ ենք խոնարհում բոլոր հարազատների, համագյուղացիների եւ ընտանիքի անդամների առջեւ: Ձեզ՝ համբերություն, կորով, թող վառ մնա հիշատակը մեր տղերքի»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

iravunk.com