կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-27 13:40
Տարածաշրջան

Լույս է տեսել համշեներենի քերականության գիրք

Լույս է տեսել համշեներենի քերականության գիրք

Հրատարակվել է հետազոտող, գրող Հուրիյե  Շահինի «Համշենեենի քերականություն» («Hamşetsnak Lizu Kidanutun») գիրքը։ «Կորուսյալ կյանքեր» ու «Հրե կարմիրը» վերնագրերով երկու վեպերի ու « Բռնաձուլման քաղաքականությունն ինչպե՞ս է ոչնչացնում լեզուները. մասնավորապես հայոց պատմությունն ու համշենցի հայերը» վերնագրով գրքերի հեղինակ Շահինի հետ զրուցեցինք նրա նոր աշխատության շուրջ։

-Այս գիրքը ի՞նչ անհրաժեշտությունից ելնելով եք գրել:

-Պետությունը միջնակարգ դպրոցներում իրավունք է տվել ընտրովի լեզվի դասեր կազմակերպելու։ Մտածեցի, որ այդ իրավունքից օգտվելու համար այսպիսի  աշխատության կարիքը կլինի։ Գիրքն ավարտելուց հետո պատրաստեցի ու Ազգային կրթության նախարարությանը ներկայացրեցի համշեներենի կրթական ծրագիրը։ Ծրագիրը դեռ ընթացքի մեջ է։

-Համշեներենով ոչ միայն գրում, այլլև խոսում են, այդպես չէ՞:

-Այո՛, նախկինում համշեներենով միայն խոսում էին, սակայն արդեն գրում ու կարդում են։ Հինգ տարի է` մենք հրատարակում ենք երկու ամսագիր ու գրքեր։ Մահիր Օզքանը հեքիաթների մի գիրք է գրել, բացի այդ՝ համշեներեն է թարգմանել «Փոքրիկ իշխանը»։  Ես գյուղացի կանանց հետ  հրատարակում եմ «Համշենցու Գոր» ամսագիրը, որը, Ստամբուլում հրատարակվող «Գոր» ամսագրի հետ մեկտեղ, բավականին երկար ճանապարհ է անցել։ Սակայն սրանք, իհարկե, բավարար չեն։ Այդ պատճառով համշեներենի դասավանդման առաջարկ ներկայացրեցի։ Եթե չլինի մայրենի լեզվով կթություն, լեզվի պահպանությունն անհնարին է։

-Համշենից 100 տարի է` արտագաղթում են մեծ քաղաքներ։ Արտագաղթողները պահպանո՞ւմ են լեզուն:

-Համշենցիները ուր էլ գնան, ներփակ են ապրում, դրսի հետ հարաբերությունները քիչ են։ Այդ պատճառով կարողանում են պահպանել լեզուն։  Իհարկե, սա չի նշանակում, որ բռնաձուլման քաղաքականությունը բնավ չի ազդել լեզվի վրա։ Կրթական համակարգի, հեռուստատեսության ու արդեն համացանցի ազդեցությունը լեզուների վրա շատ մեծ է։ Նույնիսկ թուրքերենն էլ այդ ազդեցության տակ է։ Օրինակ՝ Թուրքիայում տեխնիկա չեն արտադրում ու բազմաթիվ տեխնիկական տերմիններ ու բառեր վերցնում են դրանք արտադրող երկրների լեզուներից, գլխավորապես` անգլերենից։

-Այս գիրքը հնարավո՞ր է օգտագործել կրթական հաստատություններում:

-Գիրքը լեզվաբանական աշխատություն է և կարող  է օգտագործվել Ազգային կրթության նախարարության կողմից։ Երբ միջնակարգ դպրոցներում սկսեն օգտվել ընտրովի դասի իրավունքից, այս գիրքը մեզ կօգնի դասագիրք կազմել։

-Գիրքը ինչպե՞ս ընդունվեց համշենցիների կողմից:

-Ուրախությամբ ընդունվեց։ Իմ սպասվածից էլ ավելի դրական արձագանքներ ստացա, ու դա զանգվածային բնույթ էր կրում։ Բացասական որևէ արձագանք չեմ ստացել։ Նույնիսկ ինձ հետ համշենցիների ինքնության շուրջ մշտապես բանավիճող ընկերս շնորհավորեց ինձ ու ասաց, որ գնելու է գիրքը։ Նա Ռիզեի համշենցիներից է և չի տիրապետում լեզվին։ Քիչ առաջ նշեցի, որ համշենցիները փակ համայնք են։ Դա չի վերաբերում միայն Թուրքիայում ապրող համշենցիներին, այլև՝ իսլամ ընդունելը մերժած և Արևելյան ու Սևծովյան շրջաններից Ռուսաստան փախած համշենցիների դեպքում էլ է այդպես։ Նրանց թոռները համացանցի միջոցով մեզ հետ կապ են հաստատում։ Համշեներեն են խոսում ու ամսագրերի համար հոդվածներ ուղարկում։ Մյուս քրիստոնյա հայերից շատ են մեզ հետ սիրում կապ հաստատել, քանի որ խոսում ենք նույն բարբառով։ Գրքի հրատարակության  կապակցությամբ նրանք էլ շատ ուրախացան։ Ես այդ արձագանքներից եզրակացնում եմ, որ մինչ օրս ինչ էլ եղած լինի, իրենց գոյությունը պահպանած Ամատունիների սերունդները ցանկանում են շարունակել պահպանել այն։

Վարդան Էստուկյան

Թարգմանեց Անի Մելքոնյանը