կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-22 23:48
Հասարակություն

Բացվել է Հայաստանում առաջին «Ճապոներեն լեզվի և մշակույթի» կենտրոնը

Բացվել է Հայաստանում առաջին «Ճապոներեն լեզվի և մշակույթի» կենտրոնը

Հայ-Ռուսական համալսարանում կայացել է Հայաստանում առաջին «Ճապոներեն լեզվի և մշակույթի» կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել ճապոնական ժողովրդին և Ճապոնիայի կառավարությանը՝ Կենտրոնի ստեղծման հարցում ցուցաբերած աջակցության համար: «Մեր համալսարանը երևի առաջնեկն է մեր երկրում ճապոնագիտության՝ որպես ակադեմիական ծրագրի ներդրման հարցում: Ես այսօր հպարտանում եմ, որ մեր համալսարանի պատերի ներսում հնչում է ճապոներենը: Ես մեծապես համոզված եմ մեր երկու գեղեցիկ ժողովուրդների միջև կապերի, համագործակցության, մշակութային՝ այդ թվում նաև բիզնեսի ու գիտության համագործակցության մեծ ապագային, և ես հավատում եմ այդ ապագային»,-նշել է նա:

Կենտրոնը ստեղծվել է Ճապոնիայի ԱԳՆ «Դրամաշնորհային օժանդակություն ֆունդամենտալ մշակութային ծրագրերին» ֆոնդի ֆինանսական աջակցությամբ և Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան անմիջական օգնությամբ:

«Երբ երեք տարի առաջ նշանակվեցի դեսպան ինձ համար առաջնահերթ խնդիր դրեցի, որ Հայաստանում լայն տարածում գտնի ճապոներենի ուսուցումը: Կարծում եմ, որ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից շատ կարևոր է տիրապետել այդ երկրների լեզուներին: Ես հուսով եմ, որ այս կենտրոնի շնորհիվ Դուք նոր և որակյալ կադրեր կաճեցնեք, որոնք հետագայում նպաստելու են հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը», - ասել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:

Հայ-Ռուսական համալսարանի Համաշխարհային պատմություն և արտասահմանյան տարածաշրջանագիտություն ամբիոնում 2009թ.-ից սկսվել է ճապոներենի ուսումնասիրությունը: Այդ տարիների ընթացքում ճապոներեն լեզվի բաժինը ունեցել է 15 շրջանավարտ, իսկ այս պահին բակալավրիատում և մագիստրատուրայում սովորում է 28 ուսանող:

Իր հերթին Հայաստանում ճապոներենի ուսուցման հիմնադիր և ՀՌՀ-ում ճապոներենի դասախոս Կարինե Քարամյանը հայտնել է, որ կենտրոնի բացման հետ մեծ հույսեր է կապում: «Մենք այսուհետ կկարողանանք այս նորագույն նյութատեխնիկական բազայի վրա կիրառել նոր մեթոդներ, քանի որ արդեն ունենք համապատասխան սարքավորումներ: Բացի այդ՝ հեռակառավարման նորագույն համակարգի շնորհիվ այս սենյակից կկարողանանք ուղիղ կապ հաստատել այլ համալսարանների հետ» - ընդգծել է նա: