կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-23 18:34
Հասարակություն

Լույս է տեսել գիրք` գինեգործության տեխնոլոգիական սարքավորումների մասին

Լույս է տեսել գիրք` գինեգործության տեխնոլոգիական սարքավորումների մասին

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ում այսօր՝ փետրվարի 23-ին, տեղի ունեցավ Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության գլխավոր մասնագետ, գինեգործ Լիլիա Սամվելյանի հեղինակած՝ «Գինեգործական ձեռնարկությունների սարքավորումներ» դասագրքի շնորհանդեսը:

Հեղինակի խոսքով՝  գրքի հրատարակումն անհրաժեշտություն էր դարձել, քանի որ գինեգործությունը շատ մեծ հեռանկարներ ունի մեր երկրում, և պետք է մեծ ուշադրություն դարձնել մասնագետների պատրաստման խնդրին: «Համալսարանական գինեգործարան ունենալուն զուգահեռ և բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու նպատակով՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ որոշեցինք լրացնել հայալեզու մասնագիտական գրականության բացը, ինչի արդյունքում ստեղծվեց այս աշխատանքը: Գրքում շոշափվում են հարցեր, որոնք վերաբերում են գինեգործության ոլորտի տեխնոլոգիական սարքավորումներին և որոնք, կարծում եմ, օգտակար կլինեն թե ուսանողների, թե գինեգործների, թե ոլորտը վերահսկողների համար, քանի որ ներկայացված է խորհրդային շրջանում ստեղծված և ժամանակակից սարքավորումների համեմատական բնութագիրը՝ ներառյալ դրանց առավելությունները և թերությունները»,- ասաց Լիլիա Սամվելյանը:

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը  ողջունեց և չափազանց կարևոր համարեց մասնագիտական առանձնահատկություններն ավելի հանրամատչելի ձևով ներկայացնելու, մասնագետների որակավորմանն ուղղված այսօրինակ նախաձեռնությունները: Իշխան Կարապետյանն ընգծեց, որ գինեգործությունը մեր երկրում հանդիսանում է առաջնային ճյուղերից մեկը, որն անհրաժեշտ է զարգացնել: «Քաջատեղյակ եք, որ կառավարությունն ու մասնավորապես գյուղատնտեսության նախարարությունն այս ուղղությամբ ձեռնարկում են անհրաժեշտ քայլեր: Մեր Ծառայությունն էլ իր հերթին ապահովում է վերահսկողությունն այս ոլորտում, մեր լաբորատորիան վերջերս է համալրվել ալկոհոլային խմիչքների ծագումը պարզող սարքավորումներով: Այս գործընթացում շատ մեծ դեր ունի գիտությունը և  գիտությունից եկած արդյունքի կիրառելիությունը թեʹ ոլորտի  զարգացման, թեʹ վերահսկողության համար»:

ՍԱՊԾ պետը գոհունակությամբ փաստել է, որ գրքերի շնորհանդեսները  Ծառայությունում ավանդույթ են դառնում: