կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-17 15:06
Հասարակություն

Ալեքսանդր Արզումանյանի օգտին կայացված ՄԻԵԴ վճիռն աննախադեպ չէր մեր երկրի համար. Գևորգ Կոստանյան

Ալեքսանդր Արզումանյանի օգտին կայացված ՄԻԵԴ վճիռն աննախադեպ չէր մեր երկրի համար. Գևորգ Կոստանյան

Ալեքսանդր Արզումանյանի օգտին կայացված ՄԻԵԴ վճիռն աննախադեպ չէր մեր երկրի համար. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը: Նրա խոսքով՝ կալանավորման պրակտիկան մեր երկրում կատարելագործման կարիք ունի, և շատ դեպքերում մարդու իրավունքները խախտվում են:

«Եվրոպական դատարանը հաստատեց, որ կալանավորման ընթացքում չեն պահպանվել կոնվենցիոն և օրենքի այլ պահանջներ` թե' Ալեքսանդր Արզումանյանի, թե' այլ դեպքերում, որովհետև չեն հիմնավորվել կալանքի արտոնությունները»,- ասաց Կոստանյանը:

Հարցին` առաջին անգա՞մ դեսպանի պետք է փոխհատուցեն նման գործով, Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ այն ժամանակ, երբ Ալեքսանդր Արզումանյանը վիճարկել էր իր իրավունքը ՄԻԵԴ-ում, դեսպան չէր: «Իսկ այն, որ վճիռ կայացվեց, դեսպան լինելով, դա նաև դրական նշանակություն ունի այն իմաստով, որ մեզ համար որևէ նշանակություն չունի` ում իրավունքն է խախտվել՝ իշխանության մեջ գտնվող, թե` չգտնվող անձի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Ալեքսանդր Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրած վճռով սահմանել է, որ Հայաստանը խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, և պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը` երեք ամիսների ընթացքում Արզումանյանին վճարել 2500 եվրո գումար:

Արզումանյանն էլ հայտարարել էր, որ ՄԻԵԴ վճռով փոխհատուցման գումարները ստանալուց հետո դրանք կուղղի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Կոստանյանն անդրադարձավ նաև այն փաստին, որ ՄԻԵԴ-ը ՀՀ Վճռաբեկ դատարանն արդյունավետ պաշտպանության միջոց չի համարում, և դա շատ մտահոգիչ է: «ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Վճռաբեկ դատարանն այսօրվա իրավակարգավորման պայմաններում արդյունավետ միջոց չէ կալանավորումը որպես խափանման միջոց վիճարկելու գործերով: Դրա համար մենք օրենսդրական փոփոխություններ ենք կատարում, որոնք ուղղված են այն բանին, որ այսուհետև նման խնդիր չունենանք»,- ասաց նա: