կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-27 23:19
Քաղաքական

ՄԻԵԴ վճիռը լուրջ զենք է, որը մենք ապահովել ենք, մնաց, որ ներկա իշխանությունը կարողանա այդ զենքից կրակել․ Գևորգ Կոստանյան

ՄԻԵԴ վճիռը լուրջ զենք է, որը մենք ապահովել ենք, մնաց, որ ներկա իշխանությունը կարողանա այդ զենքից կրակել․ Գևորգ Կոստանյան

Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ վճիռը մեր պետության հաղթանակն է և լրջագույն մարտահրավեր ներկայիս իշխանությունների համար, որպեսզի տեսնենք՝  ինչքանով ունակ կլինեն այս լրջագույն իրավական հիմքը և խաղաքարտը օգտագործել Գուրգեն Մարգարյանի իրավունքները վերականգնելու համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ դատավարության ժամանակ ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

Նա վստահեցրեց, որ ՄԻԵԴ վճիռը հիմք է, որ Հայաստանի ներկա կառավարությունը ԵԽ նախարարների կոմիտեի մակարդակով պարտավորեցնի Իլհամ Ալիևին՝ վերանայել Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հրամանագիրը։

Գևորգ Կոստանյանը մանրամասնեց ասվածը․ «Ի՞նչ են պարտավոր անել ներկայիս իշխանությունները, որպեսզի քաղաքական առումով կապիտալիզացնեն այս հաղթանակը։ Հետևյալի մասին է խոսքը․ Եվրոպական դատարանի ցանկացած վճիռ, երբ կայացնում է և արձանագրում է մարդու իրավունքների խախտում, այդ վճիռը գնում է ԵԽ նախարարների կոմիտե՝ կատարման և հսկողության։ ԵԽ նախարարների կոմիտեն հսկողություն է իրականացնելու այս վճռի կատարման նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից։ Վճռի կատարումը երկու գործոն է պարունակում․ առաջին՝ անհատական միջոցառումներ և երկրորդ՝ ընդհանուր բնույթի միջոցառումներ»։

Ընդհանուր բնույթի միջոցառումներն, ասաց, հետևյալն են․ ԵԽ նախարարների կոմիտեում քննարկվելու է և Ադրբեջանը պարտավոր է անել այնպիսի քայլեր, որոնք ապագայում կանխելու են Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների նման տեսակի խախտումները։ Այսինքն, պարտավոր են լինելու օրենսդրություն փոխել, պարտավոր են լինելու բացառել՝ և՛ օրենսդրորեն, և՛ գործնականում, որ երբևէ որևէ մեկը կարողանա ազատ արձակվել խտրականության հիման վրա կատարված սպանությունների համար։ Սրանք ընդհանուր բնույթի միջոցառումներն են։

Բայց, Կոստանյանի խոսքով, շատ կարևոր են անհատական բնույթի միջոցառումները․ «Տեսեք՝ փաստորեն, Ռամիլ Սաֆարովը ազատ է արձակվել Ադրբեջանի նախագահի ներման ակտով։ Այսինքն, Ադրբեջանի նախագահը ներել է Ռամիլ Սաֆարովին, ինչը, փաստորեն, Եվրոպական դատարանի կողմից դիտվել է որպես մարդու իրավունքի կոպիտ խախտում։ Հետևաբար, ԵԽ նախարարների կոմիտեում պետք է քննարկման առարկա դարձվեն անհատական միջոցառումները, այսինքն, այն միջոցները, որոնք պետք է ձեռնարկվեն իրավունքի խախտումը վերացնելու համար։ Գործնականում դա նշանակում է, որ մեր՝ Հայաստանի այսօրվա կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ԵԽ նախարարների կոմիտեի մակարդակով պարտավորեցնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ վերանայել իր ներման հրամանագիրը Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու մասին։ Պատկերացնում եք, չէ՞, սա ինչ գլոբալ, լրջագույն հարց է»։

Հաջորդը, որ ՀՀ կառավարությունը պետք է անի ԵԽ նախարարների կոմիտեի մակարդակով, դա Ադրբեջանի կողմից դիմումատուներին 15.143 ֆունտ սթերլինգ գումարի վճարումն ապահովելն է 3 ամսվա ընթացքում։

«Ես ոչ թե քաղաքական խնդիր եմ բարձրացնում, այլ ընթացակարգն է այդպիսին․ ԵԽ նախարարների կոմիտեում քննարկվելու է այս վճռի կատարումը, և 3 ամիս հետո այդ գումարը պիտի վճարվի և այդ վճիռը պիտի կատարվի։ Այսինքն, այդ նույն՝ Ադրբեջանի նախագահի հրամանագիրը անվավեր ճանաչելու գործառույթները, այդ բոլորը պետք է կատարվեն 3 ամսում՝ այդ թվում գումարի վճարումը»,-ասաց Գևորգ Կոստանյանը։

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանը չէր կատարում Իլմար Մամեդովի գործով իր պարտավորությունները՝ նրան ազատ արձակելու մասով, բայց, այնուամենայնիվ, նյութական պարտավորությունները կատարել է։

Գևորգ Կոստանյանը համոզված է, որ ՄԻԵԴ-ում՝ Գուրգեն Մարգարյանի գործով հաղթանակը ոչ միայն վերականգնել է արդարությունը, այլև սա շատ կարևոր քաղաքական նշանակություն է արդեն ունեցել Ղարաբաղի հարցի կարգավորման կոնտեքստում։

«Ադրբեջանի հռետորաբանությունը, այդ թվում՝ նախագահի մակարդակով, այդ թվում՝ դիվանագիտական մակարդակով, մշտապես պարունակել է այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող է լինել նաև Ադրբեջանի կազմում ինչ-որ ինքնավարության կամ որևէ այլ կարգավիճակով։ Ադրբեջանցիները ու հայերը, իբրև թե, կարող են համատեղ հանգիստ ապրել այդ տարածքում և միասնական իրականացնել իրենց կյանքն ու գործունեությունը։ Այսինքն, ադրբեջանական ամբողջ հռետորաբանությունը այս վերջին, հատկապես, 2 տարում կառուցված էր սրա վրա, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով և չի կարող լինել անկախ։

Մեր ամբողջ քաղաքական, դիվանագիտական և իրավական մոտեցումը կառուցված է եղել հետևյալի վրա․ քանի որ գոյություն ունի առնվազն հայատյացություն Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության մեջ, գումարած՝ Լեռնային Ղարաբաղը արդեն վաղուց անկախ է ոչ միայն ԽՍՀՄ, այլև  միջազգային օրենսդրության հիման վրա, հետևաբար, Ադրբեջանի այն դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղը երբևէ որևէ կերպ կարող է լինել Ադրբեջանի կազմում, դա բացառվում է։

Այս վճիռը շատ կարևոր է այն առումով, որ միջազգային իրավական տեսակետից՝ Եվրոպական դատարանի վճռի մակարդակով ֆիքսեց, որ Ադրբեջանի իշխանությունները, այդ թվում՝ իրենց երկրի նախագահի մակարդակով, իրականացրել և իրականացնում են հայատյաց քաղաքականություն։ Եվ Ռամիլ Սաֆարովին, ով քնած ժամանակ դիտավորությամբ սպանել է հայ սպային, ազատ արձակելը համաներման ձևով և հերոսացնելը՝ Ադրբեջանի նախագահի հրամանագրով, նշանակում է, որ այդ երկրի քաղաքական իշխանության կողմից է իրականացվում հայատյացությունը։

Սա ուղիղ հիմք է տալիս այսօրվանից պնդելու՝ արդեն ոչ թե զուտ քաղաքական, այլ միջազգային, իրավական առումով, որ Ադրբեջանի կողմից իրականացվող և նախագահի մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությունը չի կարող երբևէ բերել իրենց նպատակի իրականացմանը և Լեռնային Ղարաբաղը երբեք որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ սա ամենակարևոր հանգամանքն է»,-բացատրեց Գևորգ Կոստանյանը։

Գևորգ Կոստանյանը Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչն է եղել Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» դատավարության ընթացքում։ Հայաստանի Հանրապետությունը այս գործով ներգրավված է եղել որպես երրորդ կողմ։

«Ամբողջ ընթացքում մենք երեք անգամ ներկայացրել ենք մեր պաշտոնական դիրքորոշումը այս հարցի հետ կապված։ Ես, դեռևս տարիներ առաջ, բազմիցս խոսելով այս գործի մասին, վստահություն ու համոզմունք եմ հայտնել, որ Եվրոպական դատարանը միանշանակ ընդունելու է իրավունքի խախտումները Ադրբեջանի կողմից»,-ասաց նա։

Կոստանյանը թերահավատություն երբեք չի ունեցել, որովհետև համոզված է եղել, որ ցանկացած մարդ, ով ծանոթ է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, կարող է պնդել՝ առնվազն Ադրբեջանի կողմից համաներմամբ Ռամիլ Սաֆարովին ազատելը պատժի կրումից մեխանիկորեն առաջացնելու է 2-րդ հոդվածի խախտում՝ այն է կյանքի իրավունք, և միանշանակ այդ մարդասպանին հերոսացնելն էլ մեխանիկորեն առաջացնելու էր 14-րդ հոդվածի խախտում՝ խտրականության դրսևորում։

«Ես երբեք թերահավատություն չեմ ունեցել և իմ բոլոր ժամանակներում տրված այս թեմայով հարցազրույցների ժամանակ միշտ ասել եմ․ ես վստահ եմ, որ լինելու է այսպիսի վճիռ և այդպիսի վճիռ եղավ»,-հայտարարեց Գևորգ Կոստանյանը։

ՄԻԵԴ վճռում, փաստորեն, ասվում է. «Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ինչպես նաև 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։  Ադրբեջանը չհիմնավորված կերպով ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման ապահովումը, ում ներել են ու ապահովել նրա առաջխաղացումը։ Ադրբեջանը չի կարողացել հերքել խտրականության վերաբերյալ ենթադրյալ պնդումները։

Ադրբեջանը պետք է դիմումատուներին վճարի 15.143 ֆունտ սթերլինգ՝ որպես ծախսերի փոխհատուցում»։

Գևորգ Կոստանյանը վստահեցրեց՝ անկախ հանգամանքներից, որում դիմավորում է ՄԻԵԴ-ում հաղթանակի մասին լուրը, ինքն, անկեղծ, լիարժեք վայելում է դա․ «Միանշանակ։ Եվ շատ մեծ հոգեկան բավարարվածություն եմ անկեղծորեն ստանում հիմա և որևէ հիմք չունեմ չվայելելու»։

Այս ճանապարհին, իհարկե, դժվարություններ եղել են։ Գևորգ Կոստանյանը «ետնաբեմից» հիշողություններ պատմեց․ «Այստեղ շատ լուրջ խնդիրներ կար, անկեղծ հիմա ասեմ, որովհետև դա առնչվում էր ոչ միայն Ադրբեջանի, այլև Հունգարիայի հետ։ Մենք շատ երկար ուսումնասիրել ենք, այդ թվում, Հունգարիայի օրենսդրությունը։ Անկեղծ ասեմ՝ ինձ համար ամենամեծ պրոբլեմը Ադրբեջանի օրենսդրության ուսումնասիրությունն էր։ Որովհետև, ճիշտ է, շատ բաներ իրենք ունեն ռուսերեն և անգլերեն, բայց մենք կայքերից շատ մեծ դժվարությամբ հանում էինք որոշումներ, որոնք ադրբեջաներեն էին և մեզ համար դժվարություն էր թարգմանել, որ ուսումնասիրենք ու կարողանանք նաև դրանց առարկել։ Որովհետև կառավարության առարկություն ներկայացնելը միայն այնպես չէ, որ ասենք՝ մենք սա պնդում ենք։ Որպեսզի մեր պնդումները լինեն հիմնավոր և բավարար, մենք նաև Ադրբեջանի օրենսդրության հետ կապված խնդիրներ ունեինք, որոնք փորձում էինք հաղթահարել։ Եվրոպական նախադեպային իրավունքի տեսանկյունից մենք այդ խնդիրը չունեինք, մեր հիմնական խնդիրը Ադրբեջանի այդ օրենսդրության դրույթներն էին և ստիպված ինչ-որ մասնագետների, բաների խնդրում էինք, որ թարգմանեն, որ կարողանանք մեր դիրքորոշումը պատշաճ ներկայացնել այս հարցով»։  

«Համենայն դեպս, շնորհավորում եմ բոլորիս»,-ժպտաց նա ու հավելեց՝ սա միայն մի մասն  է հաղթանակի, շատ կարևոր է, որպեսզի այս իրավական հաղթանակը կապիտալիզացվի քաղաքականի, որովհետև սա չափազանց կարևոր նշանակություն ունի ու ունենալու է Ղարաբաղի հարցի առավել հայանպաստ կարգավորման տեսանկյունից։

Սա շատ լուրջ զենք է, որը մենք ապահովել ենք, մնաց, որ ներկա իշխանությունը այդ զենքից կարողանա կրակել՝ եզրափակեց Գևորգ Կոստանյանը։

Աննա Բալյան