Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չի բացառվում` «Ժառանգությունը» միանա «Ելք» դաշինքին. Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով «Ելք» դաշինքի և «Ժառանգություն» կուսակցության նարավոր համագործակցությանը:
Ըստ նրա` այս պահին իրենք քննարկումների մեջ են «Ժառանգության» հետ: «Քանի դեռ վերջնական որոշում չկա` կայացված «Ժառանգություն»-ում, ապա հավանականություն կա, որ կմիանան «Ելք» դաշինքին, բայց պետք է սպասել նրանց վերջնական որոշմանը»,- ասաց Մարուքյանը:
Պատգամավորի խոսքով` «Ելք» դաշինքի ստեղծման առաջին հանդիպումները 4 քաղաքական ուժերի միջև /ՔՊ, «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Ժառանգություն»/սկսվել են հենց «Ժառանգություն» կուսակցության գրասենյակից, և այդ հանգամանքը հաշվի առնելով էլ` Էդմոն Մարուքյանը կարծում է, որ «Ժառանգությունը», այդուհանդերձ, կմիանա հենց իրենց դաշինքին:
Պատգամավորից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է` եթե «Ժառանգություն»-ը չմիանա «Ելք»-ին, իրենց միանա միայն Զարուհի Փոստանջյանը: Մարուքյանը պատասխանեց, որ այդպիսի քննարկումներ կան նաև Զարուհի Փոստանջյանի հետ:
Հիշեցնենք, որ, ըստ շրջանառվող լուրերի, «Ժառանգություն» կուսակցությունը տարբեր քննարկումներ է անցկացնում Օհանյան-Օսկանյան դաշինքին, «Ծառուկյան» դաշինքին միանալու համար, ինչին դեմ է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Ինչ վերաբերում է այն բանին, թե ով կգլխավորի «Ելք» դաշինքի ցուցակը, և ովքեր կլինեն ցուցակի առաջատար համարները, Մարուքյանը նշեց, որ իրենց մոտ դեռ այդպիսի քննարկումներ չկան: «Ազնիվ չի լինի, եթե մենք նման խոսակցություններ անենք, դաշինքին դեռ կարող են միանալ այլ գործընկերներ, հետևաբար` սխալ կլինի դա որոշել այս փուլում: Բացի այդ` այնքան էլ էական չէ, թե ով որ համարը կլինի»,- ընդգծեց պատգամավորը: