Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ն ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերջին հարցն էր:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը վարման կարգով ձայն խնդրեց և շնորհակալություն հայտնեց ՀՅԴ-ին՝ իրենց միանալու համար: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՅԴ-ին` մեզ միանալու համար, նաև ՀՀԿ-ին՝ քվեարկությունից առաջ սեփական խմբակցությունում հարցը քննարկելու համար»,- ասաց նա:
Վարման կարգով ելույթ ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ այսօրվա իրենց գործողություններն ի ցույց դրեցին, որ ինչպես և նախկինում, այսօր ևս ժողովրդի շահերի դեմ որևէ դեպք «Ելքի» կողմից անարձագանք չի մնալու:
Վարման կարգով խոսեց նաև ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, նա նշեց, որ իրենց ընդմիջում վերցնելը բացարձակապես կապ չուներ «Ելք»–ի հետ: «Մենք օգտվել ենք կանոնակարգ-օրենքից, ձեզ հետ կապ չուներ, մոռացե'ք»,- ասաց նա:
ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանն իր հերթին նշեց, որ այն, ինչ տեղի ունեցավ, դրական չեն կարող գնահատել, ուստի մեծամասնությունը կզրկի ընդդիմությանը նման հնարավորությունից: «Քաղաքական մեծամասնության հնարավորությունը մեր գործընկերները օգտագործեցին ոչ այն ուղղությամբ, որ պետք էր, նրանք ընդամենը օգտագործեցին ԱԺ աշխատանքները խաթարելու նպատակով, այսինքն՝ որպես խաղալիք օգտագործվեց: Այդ հնարավորությունը մենք ենք տվել ձեզ, և այդ խաղալիքը ձեր ձեռքից կվերցնենք, քանի որ կվնասեք նաև ձեզ»,- ասաց նա:
ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն էլ նշեց, որ սա ժողովրդավարության լավագույն դրսևորումն էր։ Ըստ նրա` քանի որ այսօր ձմեռային գիշերահավասարի օրն է, հավանաբար «աստղերն ազդեցություն են ունեցել այսօրվա վիճակի վրա»:
Վարման կարգով ձայն խնդրեց նաև գեներալ, ՀՀԿ–ական պատգամավոր Սեյրան Սարոյանը: «Ալո... Սիրելի' ժողովուրդ, Ազգային ժողո'վ, արեք չկռվենք, դեմներս Նոր տարի է: Նիկո'լ ջան, ապրես, վաղուց էսքան իրար չէինք տեսել. մեր գործը մինչև ժամը վեցն ա, ինչի՞ ենք կռվում, չգիտեմ: Արեք սաղս իրար ուրախ Նոր տարի մաղթենք, էթանք ուրախ Նոր տարի անենք: Ում ձեռն ինչ կա, բաժանենք ժողովրդին, որ մենակ բուդը չուտեք, թե չէ լավ չի լինի, կարտոլով Նոր տարի չենք անելու: Նենց անենք` դեպուտատներից ով ինչ շնորհք ունի, ժողովրդին օգնի,: Կարող ա էլ իրար չտենանք, դեմը Նոր տարի ա, իրար ջան–ջիգյար ասենք, էթանք, թե չէ շուն-կատվի պես չբաժանվենք: Մեկ ա, գործը գնաց առաջ, մեր խոսքը մեկ ա անցավ, մեծամասնությունն իրա գործն արեց, ընդդիմությունն իրա գործն արեց: Արեք լավ առիթով բաժանվենք իրարից»,- ասաց նա:
Պատգամավորի ելույթից հետո պատգամավորների մի մասը ծափահարեց:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը 6-րդ գումարման երկրորդ նստաշրջանը հայտարարեց փակված, ապա հնչեց ՀՀ օրհներգը: