կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-07 12:08
Քաղաքական

Մեզ մեղավոր չենք զգում, մենակ չենք թողել Փաշինյանին. Էդմոն Մարուքյան

Մեզ մեղավոր չենք զգում, մենակ չենք թողել Փաշինյանին. Էդմոն Մարուքյան

Վաղը Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ կընտրվի, և դրանով Հայաստանում փոփոխությունների նոր սկիզբ կդրվի. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ հեղափոխության բոլոր կանոններով ՀՀ վարչապետ պետք լինի նա, ով նախաձեռնել է հեղափոխությունը։ «Այստեղ տարաձայնություն չկա, ով նախաձեռնել է, կազմակերպել ու հավատացել է դրան, հենց նա էլ պետք է հնարավորություն ու պատասխանատվություն ստանա այդ փոփոխություններն իրականացնելու համար»,- նշեց պատգամավորը։

Մարուքյանի խոսքով` պետք է անել ամեն ինչ` մարդկանց հույսներն արդարացնելու համար։ Նա ընդգծեց, որ բոլորն իրենց տեղում պետք է ամեն բան անեն, որ Հայաստանն այլևս չունենա այն արատավոր երևույթները, որ կային և քննադատվում էին, ըստ նրա` մինչ օրս էլ դրանք կան։ «Խորքային ու համակարգային բազմաթիվ խնդիրներ կան, որոնց համակարգային լուծումներ պետք է տալ»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնալով «Ելք» դաշինքի ճակատագրին՝ Մարուքյանը նշեց, որ դաշինքը ներկայումս գոյություն ունի, ու դրա ապագայի մասին հիմա որևէ քննարկում չի եղել։

Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան»-ի` ի սկզբանե փողոցում չլինելուն, նա ասաց, որ դա պայմանավորված է նրանով, որ իրենք պնդում էին, որ պետք է պայքարել ոչ թե անձերի, այլ համակարգի դեմ։

Մարուքյանը նշեց, որ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ նրան փորձեց փոխարինել Կարեն Կարապետյանը, դա արդեն համակարգային հարց դարձավ։ «Երբ դարձավ համակարգային պայքար, մենք եղանք փողոցում։ Մինչ այդ մենք ունեցել ենք դերակատարում, ես չէի ցանկանա դրա մասին խոսել, որովհետև ինչ արել ենք, բոլորը տեսել են»,- ասաց նա:

Մարուքյանը շեշտեց, որ իրենք մեղավորություն չեն զգում, որովհետև մենակ չեն թողել Փաշինյանին, և ինչ պայմանավորվածություն ունեցել են մինչ այս, բոլորը կյանքի են կոչել։ «Հիմա էլ, երբ հանդիպում ենք Փաշինյանին, համբուրելով ենք բարևում իրար»,- ասաց նա: