կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-27 13:24
Քաղաքական

Որտեղի՞ց մեզ փող, որ ընտրակաշառք բաժանենք. Սամվել Ալեքսանյան

Որտեղի՞ց մեզ փող, որ ընտրակաշառք բաժանենք. Սամվել Ալեքսանյան

Այսօր` ԱԺ հերթական քառօրյայի առաջին օրը, խորհրդարան էր եկել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով վարկանիշային ցուցակով առաջադրվել է Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ համայնքում: Լրագրողները հարցրեցին ընտրակաշառքների մասին: Սամվել Ալեքսանյանն էլ նշեց, թե չի լսել Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ համայնքների բնակիչներին բաժանվող ընտրակաշառքների դեպքերի մասին:

Պատգամավորը հերքում է, որ ընտրակաշառք է բաժանում, բայց` խոստովանում, որ տարբեր բարեգործություններ է անում` վստահեցնելով, որ բարեգործությունն ու ընտրակաշառքը նույն բանը չեն: «Տենց փող մեզ որտեղի՞ց, որ մենք ընտրակաշառք բաժանենք»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նույն ընտրատարածքում առաջադրված իր մրցակցի` Հեղինե Բիշարյանի հետ ունեցած հարաբերություններին, Սամվել Ալեքսանյանը նշեց, որ Բիշարյանի հետ հաշտ ու համերաշխ են: «Ինքը միշտ էլ Շենգավիթ համայնքից դրել է: Հիմա մենք մեղավո՞ր ենք, որ այդ երկու համայնքը իրար միացրին»,- անկեղծացավ պատգամավորը:

Նա չշտապեց կանխատեսումներ անել ընտրությունների արդյունքների վերաբերյալ` ասելով, որ միայն ընտրությունը ցույց կտա, թե Հանրապետականը քանի տոկոս ձայն կհավաքի, իսկ եթե ինքը հանկարծ չանցնի, ապա կշարունակի բարեգործություն անել։

Դիտարկմանը` այսօր մեկնարկել է Մեծ Պահքը, ինչպե՞ս են թեկնածուները վարվելու, առանց ստելու կկարողանա՞ն քարոզարշավ իրականացնել: Ալեքսանյանը պատասխանեց. «Բայց ո՞վ ասեց, որ մենք սուտ ենք խոսում: Ես սուտ չեմ խոսելու։ Իսկ եթե ձեզ հետաքրքրում է, եկեք քարոզարշավի ու կիմանաք, թե ինչ եմ ասելու։ Հիմա խի՞ ասեմ ձեզ, մեկ էլ գնաք ուրիշներին ասեք»:

Քիչ անց նրան միացավ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` ասելով. «Էս ո՞ւմ ախպորն եք վրա տվել»: Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է Առաքել Մովսիսյանը կիսելու ընտրատարածքը Սեյրան Սարոյանի հետ, պատասխանեց. «Չենք կիսելու, ինչ ցանել ես, էն էլ հնձելու ես»: Իսկ Սամվել Ալեքսանյանը միջամտեց. «Ընենց եք ասում, ոնց որ կարագ ա, պետք ա տռոսով կտրեն»: