Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի` նոր պաշտոն ստանալուն: Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, Սերժ Սարգսյանի հրամանագրով, նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ:
Սարոյանը նորմալ է համարում Բաղմանյանի` այս պաշտոնում նշանակվելը: «Նորմալ է նշանակումը, տաշած քարը գետնին չի մնա»,- ասաց նա:
Դիտարկմանը` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, թե նա հեռացել է պաշտոնավարման ընթացքում թույլ տված թերացումների պատճառով, պատգամավորը պատասխանեց. «Լսի', անթերի մարդ չկա էս աշխարհում, եթե մեկին կարաք գտնեք, որ թերություն չունի, չարաչար սխալվում եք` ձեզնից, սաղիցս բռնած: Աշխատող մարդը միշտ էլ թերություն ա ունենում, չաշխատող մարդը թերություն չի ունենում: Մենակ հավայի խոսացողներդ եք»:
Հարցին` այսինքն` ներե՞լ են Բաղմանյանին, նա արձագանքեց. «Ինչի՞, ի՞նչ ա արել Հայկազը, որ ներեն: Լսի, Հայկազի ծառայությունները դու գիտե՞ս, Հայկազի անցած ուղին գիտե՞ս գոնե»:
Դիտարկումը, որ բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներում է հայտնվել, դուր չեկավ պատգամավորին: «Ո՞ր կոռուպիցոն սկանդալներում, ի՞նչ կոռուպիցա: Հայկազի ձեռն ի՞նչ կար, որ կոռուպցիա աներ, զինվորի մարտական պատասխանատվության մեջ կոռուպցիա որտեղի՞ց, նավթ էր առնում-ծախում»:
Հարցին` որտեղի՞ց նրա ունեցվածքը, եթե կոռուպցիա չկա, Սարոյանը պատասխանեց. «Քո ի՞նչ գործ, քո տնի՞ց գողցե էդ մարդը, ի՞նչ պաշտոն ունի, որ բանակից էլ գողանար, հավայի խոսում եք: Եթե էդ մարդը մարտական պատրաստականության պետն ա, ի՞նչը պիտի գողնար, զինվոր պիտի գողնա՞ր, ի՞նչ գողնար, գողցե` ասում ա, տանկ քշելը պիտի գողնա՞ր, ի՞նչ պիտի գոնղար էդ խեղճ տղեն»: Իսկ թե ինչո՞ւ է վստահ պնդում, ասաց` որովհետև ինքն էլ է բանակում ծառայել:
Դիտարկմանը` վերջերս բանակում բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվում, Սարոյանն արձագանքեց. «Դրանց ձեռը պաշտոն կա, Հայկազի ձեռը չկար: Երեխե'ք ջան, նորից եմ ասում, հումորը թողենք մի կողմ, Բաղմանյան Հայկազն արժանի տղա ա, լավ անցյալ ունի, ամբողջ պատերազմով անցել ա, միշտ առաջին գծում ա եղել, դրա համար ամեն մեկին իրա ծառայության համար պետությունը մատուցում ա` լավ կծառայեն, լավ կստանան, իսկ թերություն սաղս էլ կարանք ունենանք»:
Դիտարկմանը` նրան մեղադրում են բանակի դրամական միջոցները յուրացնելու մեջ, պատգամավորը պատասխանեց. «Տո, էդ մեղադրողը ղալաթ ա անում, ով ուզում ա ըլնի, գլուխն էլ պատին ա տվել, եղա՞վ, դե թող գան, իրա դեմն ասեն` էս մարդն էս ինչ տեղից օգուտ ա ունեցել»:
Հարցին` ի՞նչ կանի, կսպանի՞, արձագանքեց. «Չէ, չի սպանի, ուղղակի չեն կարա ապացուցեն, ասում ա` կսպանի՞, վամպիր ա, ինչ ա»: