Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ իրենք քննիչ հանձնաժողով ստեղծելու հնարավորություն են ուզում ստանալ, որի արդյունքում սենսացիոն բացահայտումներ կանեն գազի և բենզինի ոլորտում: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այս հայտարարության կապակցությամբ ասաց` թող առաջարկություն ներկայացնեն, և եթե անհրաժեշտություն լինի, որ ստուգումներ կատարեն, իրենք կկատարեն այդ ստուգումները: «Համենայն դեպս, պետք է իմանաք, որ այդ ոլորտները տնօրինողը ՀՀ իշխանությունները չեն»,- ասաց նա:
Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում «Ծառուկյան» խմբակցության՝ կառավարությանն ուղղված քննադատությունների տարափը, և ինչո՞ւ ՀՀԿ-ն չպաշտպանեց վարչապետ Կարեն Կարապետյանին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք որևէ քաղաքական ուժի ներքին գործերին չենք խառնվում, և դա ընդունելի չեմ համարում, դա նրանց ներքին գործն է: Բյուջե է քննարկվում, և ընդդիմադիրները պետք է իրենց կեցվածքը դրսևորեն: Այլ խնդիր է, թե որքանով են օբյեկտիվ և որքանով օբյեկտիվ չեն»:
Բաղդասարյանի խոսքով` 8 ելույթ է եղել ընդդիմությունից, 8 ելույթ` ՀՀԿ-ի կողմից: «ՀՀԿ-ականների ելույթները շատ հիմնավոր պաշտպանել են մեր քաղաքական թիմի անդամ Կարեն Կարապետյանին: Նորից ենք պաշտպանում, նորից ենք ասում՝ այս բյուջեն իրատեսական է, որևէ ճոխ բան նկարագրված չէ: Սա ապագա զարգացման համար հիմք և հեռանկար է ստեղծում: Բյուջեն ներկայացրել է կառավարությունը, դա թիմային բյուջե է: Եթե մենք չպաշտպանեինք մեր կառավարությանը, կասեինք՝ իշխանությունը կապ չունի, դա միայն կառավարությանն է: Մենք վարչապետին պաշտպանում ենք, որովհետև 1-2 տարի է քաղաքականության մեջ, վարչապետը դեռ 15-20 տարի առաջ զբաղվել է բիզնեսով և բավականին հաջողված բիզնեսմեն է եղել, բավականին պահանջված մենեջեր: Ինչ վերաբերում է քննադատություններին այդ անձի նկատմամբ, դրանք հիմքեր չունեն»,-շեշտեց նա:
Հարցին էլ` «Ծառուկյան» խմբակցության կոշտ քննադատություններից հետո հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն նիստ հրավիրի ՝ որոշելով ստուգել դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարկերը, պատգամավորը պատասխանեց. «Ես դեմ եմ առանձին հարկեր, առանձին ինչ-որ բաները ստուգելուն, պետք է դաշտը հավասար լինի բոլորի համար: Այսօր մենք պետք է տանենք այն քաղաքականությունը՝ անկախ նրանից `ով է բարձրաձայնում, ինչ խնդիրներ են առաջ քաշում, ինչ-որ առանձին մոլերի մասին խոսակցություն է գնում, բոլորը պետք է հավասարապես ստուգվեն և բերվեն հավասար դաշտ: Ես ցանկություն չունեմ ուրիշի ունեցվածքը հաշվելու, բայց մեր երկրում բոլորը պետք է լինեն հավասար»: