Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կիբեր զենքից պաշտպանվելը ներկա դրությամբ անհնար է. այս մասին այսօր հայտարարեց «Կասպերսկի» լաբորատորիայի հիմնադիր-տնօրեն, պրոֆեսոր Եվգենի Կասպերսկին` Հայաստան այցի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:
Ներկայացնելով կիբեր հանցագործությունների էվոլյուցիայի մասին իր «Դժոխքի 7 շրջանները» պրեզենտացիան, Կասպերսկին նշեց, որ նախկինում համակարգչային վիրուսները ստեղծվում էին ուսանողների, աշակերտների կողմից, ովքեր որևէ չար նպատակ չէին հետապնդում, սակայն այժմ նրանց փոխարինելու են եկել կիբեր հանցագործները, որոնք նյութապես հետաքրքրված են վիրուսների ստեղծմամբ: Կասպերսկին չի բացառում, որ շատ շուտով կիբեր հանցագործները կդասվեն ահաբեկիչների շարքը:
«Դու չգիտես, թե ովքեր են նրանք, որտեղից են գալիս, բայց նրանց հասցրած վնասը ահաբեկչության էֆեկտ ունի: Ես վախենում եմ, որ մաֆիայի ներկայացուցիչներն ու ահաբեկչական կազմակերպությունները կսկսեն վարձել կամ ստիպել իրենց հետ համագործակցել կիբեր հանցագործներին»,-հայտարարեց պրոֆեսորը: Կասպերսկին իր խոսքում նշեց նաև, որ հայտնի են մի քանի դեպքեր, երբ կիբեր հանցագործները համագործակցել են պետական կառույցների հետ:
«Եվ ես համոզված եմ, որ նման դեպքերը շատ են: Շատ պետություններում կան դեպքեր, երբ կիբեր հանցագործներին բռնում են, առաջարկում են երկու տարբերակ` կամ բանտ, կամ համագործակցություն: Որոշ պետություններում էլ հատուկ ծառայությունները ակտիվ համագործակցում են հաքերային կազմակերպությունների հետ»: Լրագրողների խնդրանքով անդրադառնալով մեր տարածաշրջանում թշնամու կողմից կիբեր հարձակումներից պաշտպանվելու մեխանիզմներին` Եվգենի Կասպերսկին նշեց, որ իրենք հեռու են մնում քաղաքականությունից և կտրականապես չեն համագործակցում կիբեր հարձակումների մեխանիզմներ մշակելու վրա: «Մենք պաշտպանվելու տեխնոլոգիաներ ենք մշակում բոլոր նրանց համար, ովքեր դիմում են մեր օգնությանը: Հայաստանում իրավիճակը հեշտ չէ: Աշխարհում մի քանի այդպիսի թեժ կետեր կան, բայց պաշտպանությունը կիբեր հարձակումներից նույնն է բոլոր երկրների համար»,-հայտարարեց նա` ընդգծելով, որ Հայաստանի համար ունիկալ տեխնիկա պետք չէ դրա համար: