Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 8-ին Գորիսում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ինքնաառաջադրված երկու թեկնածուները` Տիգրան Կարապետյանն ու Արա Բուդաղյանը, որոնք երեկ նաեւ ինքնաբացարկ ներկայացրեցին, նախապես պայմանավորվածություն են ունեցել, որ իրենցից մեկնումեկը պետք է ինքնաբացարկ ներկայացնի հօգուտ մյուսի, որը կշարունակի ընտրապայքարը: Yerkir.am-ի հետ զրույցում այսօր Արա Բուդաղյանը նշեց, որ նախապես պայմանավորված են եղել, որ ինքը պետք է ինքնաբացարկ ներկայացնի, ընդ որում` շուտ պետք է դա աներ, բայց, այլ գործերով ու հանգամանքներով պայմանավորված, միայն երեկ է կարողացել դա անել:
Մեր ճշտող հարցին' դիմում ներկայացնելուց առաջ չգիտե՞ր, որ նույն օրը Տիգրան Կարապետյանն էլ պետք է ինքնաբացարկ ներկայացնի, Արա Բուդաղյանը պատասխանեց, թե այդ ժամանակ Տիգրան Կարապետյանի հետ չի խոսել ու նման սցենարի մասին նույնիսկ չի էլ մտածել:
«Դե, եթե իմանայի, որ Տիգրանն էլ պետք է ինքնաբացարկ ներկայացներ, ես ինչի՞ պիտի ինքնաբացարկ ներկայացնեի, կմնայի ու կշարունակեի պայքարը»,- ասաց նա:
Հարցին' իսկ տեղյակ չէ՞, թե ինչու Տիգրան Կարապետյանը ինքնաբացարկ ներկայացրեց, Արա Բուդաղյանը պատասխանեց, թե այդ հարցի շուրջ դեռ չի խոսել ընկերոջ հետ, իսկ պատճառների մասին միայն Տիգրան Կարապետյանը կարող է պատասխանել: Դիտարկմանը' Տիգրան Կարապետյանի ինքնաբացարկը տհա՞ճ անակնկալ էր, նա արձագանքեց. «Մենակ ինձ համար չէր տհաճ անակնկալ, Տիգրանի համար էլ էր տհաճ անակնկալ, բոլորի համար էլ տհաճ անակնկալ էր»:
Արա Բուդաղյանն ասաց նաև, որ ինքը, ամենայն հավանականությամբ, արդեն կսատարի Գորիսի քաղաքապետի' ընտրապայքարի մեջ մնացած թեկնածուներից Հրայր Յոլյանին: Դիտարկմանը, թե սկզբում Յոլյանին էլ էր վերագրվում նախկին մարզպետի թիմի կողմից առաջադրված լինելու հանգամանքը, նա պատասխանեց, թե հենց Յոլյանը դա հերքեց, իսկ եթե հերքում է, ապա ինքը հավատում է Յոլյանի խոսքերին:
Իսկ մյուս թեկնածուին' Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալ Վաչագան Ադունցին սատարելու մասին, ասաց, որ խոսք անգամ լինել չի կարող: «Ադունցին սատարել` նշանակում է Լիսկային սատարել, իսկ ես Լիսկային կյանքում երբեք չեմ սատարի, դա բացառված է»,- շեշտեց Արա Բուդաղյանը: