Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Ծառուկյան» խմբակցության քննադատություններին` ուղղված Կարեն Կարապետյանի կառավարությանը: Ըստ նրա` արտառոց ոչ մի բան չկա, որ ընդդիմադիր կուսակցության պատգամավորները քննադատում են կառավարության գործունեությունը:
Դիտարկմանը` մինչ այդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Կարեն Կարապետյանն իր ընկերն է ու խուսափել նրա կառավարությանը գնահատական տալուց, Շարմազանովն արձագանքեց. «Ես չեմ ձեր հարցի հասցեատերը։ Տպավորությունները թողնում եմ իմ մեջ, որովհետև դրանցով չեն առաջնորդվում։ Իմ համոզմունքը հետևյալն է՝ մենք սատարում ենք Կարապետյանի կառավարությանը: Կարծում ենք, որ այս քաղաքականությունը` թե' բյուջե-2018-ի նախագիծը, թե' կառավարության քաղաքականությունը, միտված է լուծել խնդիրները, որոնք կան մեր երկրում։ Որքանով են դրանք արդյունավետ, որքանով` ոչ, ցույց կտա ժամանակը»։
ԱԺ փոխնախագահի խոսքով` պետք չէ զարմանալ, որ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի ու կառավարության ղեկավարի միջև կան ընկերական մարդկային կապեր։ «Ես էլ ունեմ ընկերներ ընդդիմության դաշտում, որ մեկս մյուսիս այս դահլիճում անխնա քննադատում ենք։ Մեկը մյուսի հետ կապ չունի»,- ասաց նա, ապա հավելեց, որ եթե ԱԺ-ում ընդդիմությունը չքննադատի, էլ որտե՞ղ պետք է քննադատի։
Շարմազանովի կարծիքով` պետք չէ զարմանալ, որ «Ծառուկյան» խմբակցությունը քննադատում է, որովհետև, ինչպես «Ելքը», «Ծառուկյան» խմբակցությունը ևս ընդդիմադիր ուժ է խորհրդարանում։ «ԱԺ-ում թիվ մեկ` և’ կշռով, և’ ստացած ձայներով ու քանակով ընդդիմադիր ուժը «Ծառուկյան» դաշինքն է»,- նշեց նա։
ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ նորմալ է, ընդդիմությունը պետք է միշտ էլ քննադատի, և մեջբերեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոաքերը. «Երբ անձրև է գալիս, ընդդիմությունն ասում է՝ իշխանությունն է մեղավոր, երբ արև է լինում, ասում է՝ սա իմ շնորհքն է։ Սա ես չեմ ասել, ավելի խելացի մարդ է ասել, որի անունն է Լևոն Տեր-Պետրոսյան»։
Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ական մեծամասնությունը սատարում է Կարեն Կարապետյանի կառավարությանը, և որ այս կառավարության քաղաքական պատասխանատուն ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն ուժերն են: «Մենք ենք ամբողջությամբ այս կառավարության պատասխանատուն: Եթե Կարապետյանը հաջողի, հաջողելու է կոալիցիան, եթե, Աստված չանի, ձախողի, ձախողելու է կոալիցիան: Ես ձախողման տենդենցներ չեմ տեսնում, տեսնում եմ միայն հաջողության տենդենցներ»,- եզրափակեց նա: