կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-24 12:06
Քաղաքական

ԱԺ-ում քննարկում են ԱԺ կայքի այցելություններն ավելացնելու հարցը

ԱԺ-ում քննարկում են ԱԺ կայքի այցելություններն ավելացնելու հարցը

ԱԺ-ում շարունակվում են 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումները: Հաշվետվություն ներկայացրեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հետաքրքրվեց հաշվետվության մեջ ներկայացված մի ցուցանիշով, այն է` ԱԺ պաշտոնական կայքէջից օգտվողների թիվը նախատեսվածից 30 տոկոսով քիչ է: Պատգամավորը հարցրեց` ինչո՞ւ է այդպես, կա՞, արդյոք, որակական գնահատական: Պատգամավորը անդրադարձավ նաև իր մի առաջարկությանը՝ հանձաժողովի նիստերն ուղիղ հեռարձակել, ինչը կարող է մեծացնել ԱԺ պաշտոնական կայքէջի այցելուների թիվը:

ԱԺ աշխատակազմի ղեկավարը պատասխանեց, որ եթե հանձնաժողովի նիստերը ուղիղ հեռարձակվեն, դա իսկապես կարող է ավելացնել ԱԺ պաշտոնական կայքի այցելությունների թիվը, սակայն չի կարծում, թե հանձնաողովի նիստերը ուղիղ հեռարձակելը լավ պրակտիկա է:

Ըստ Հրայր Թովմասյանի` որոշ երկրներում ձեռնպահ են մնում հանձնաժողովների նիստերը ուղիղ հեռարձակելուց, քանի որ կարծում են` եթե կան լրատվամիջոցներ ու տեսախցիկներ, ապա դա չի նպաստում հանձնաժողովների անդամների միջև կոմպրոմիսներին, որոշ նիստեր, առհասարակ, չի թույլատրվում լուսաբանել:

Ինչ վերաբերում է ԱԺ պաշտոնական կայքի այցելություններին, Հրայր Թովմասյանը կարծիք հայտնեց, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների թիվն էականորեն մեծացել է, ինչը կարող է նպաստել կայքի այցելությունների աճին: Իհարկե, իրականացնելու են աշխատանքներ, որ այդ այցելությունները ավելանան, օրինակ՝ կայքում կավելացնեն բաժին, որում հնարավորություն կլինի ծանոթանալու ԱԺ աշխատասենյակներին, դահլիճներին, ԱԺ պատմությանը և այլն: